Իրանի ոստիկանական ուժերը 5 զինված ծովահենի են ձերբակալել

Իրանի ոստիկանական ուժերը ձերբակալել են Պարսից ծոցի Քիշ կղզում   իրանական նավերի վրա հարձակում կատարած 5 զինված ծովահենի։ Ծովահենները հայտնաբերվել են երկրի հարավային  Բուշեհր նահանգի Քենգան շրջանում։Այս մասին հունիսի 13-ին  հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Ծովահեններից առգրավվել են ԱԿ-47 ավտոմատներ, փամփուշտներ։

Ծովահեններից իրանական քաղաքացիական և  առևտրային նավերը պաշտպանելու համար Իրանը նաև նավախմբեր է ուղարկում միջազգային ջրերում հերթապահության։ Նավախմբերը  հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։

Ավելի վաղ Իրանի Բանդարաբաս նավահանգստից միջազգային ջրերում հերթապահության էր ուղևորվել  Իրանի բանակի ռազմածովային ուժերի 47-րդ նավախումբը։ Նավախմբում հերթապահում են «Ալբորզ» հրթիռային նավը և «Բուշեհր»  թիկունքային ապահովման նավը:

Նավախումբը հերթապահության է ուղարկվել միջազգային ջրերում բանակի ՌԾՈւ 46-րդ նավախմբի առաքելության ավարտից հետո։

Ապրիլին Իրանը միջազգային ջրերում հերթապահության էր ուղարկել «Լավան» ռազմանավից և «Սաբալան» թիկունքային ապահովման նավից բաղկացած Իրանի ՌԾՈւ 46-րդ նավատորմը։

Իսկ ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին, Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբին հաջողվել էր Ադենի ծովածոցում  հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է  2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։ Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբի կազմում էր «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *