Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հնարավոր է քննարկեն Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայանելիք հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկեն նաև Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարց:  Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովովը. փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Մինչև օրս թուրքական կողմը, մասնավորապես երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, հայտարարում էին, որ Ս-400 ԶՀՀ-ին վերաբերող հարցի քննարկումը ավարտական փուլում է:

Ըստ թուրք նախարարի՝ վերջնական որոշումը կայացնելու են Թուրքիայի նախագահը և վարչապետը: Ստացվում է, որ չնայած թուրքական կողմի Ս-400 համալիրների գնման քննարկումների՝ ավարտական փուլում լինելու մասին հայտարարություններին, այդ գործարքը դեռևս չեն քննարկել երկու երկրների նախագահները:

Համալիրների ձեռք բերման համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցություներն ընթանում են 2016 դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ նոյեմբերին երկու երկրների նախագահները համաձայնություն ձեռք բերեցին: Ռուսաստանյան կողմից հայտնում են, որ բանակցություների ընթացքում անընդհատ նոր պայմաններ են ի հայտ գալիս, որոնց հետևանքով բանակցությունները ձգձգվում են:

Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ երկրները դեռ բանակցում են Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ, սակայն առայժմ ստորագրման համար որևէ պայմանագիր չի նախապատրաստվել:

Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերին Թուրքիան որոշել էր դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները չինական ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը, որը հայտարարվել էր դեռևս 2013-ին:

2017-ի մայիսի 3-ին Թուրքիայի նախագահը մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի պաշտոնակցին: Նախագահները հիմնականում քննարկելու են Սիրիայում վերջին շրջանում տիրող իրավիճակը: Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են այս տարվա մարտին Մոսկվայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *