Թուրքիայի զինուժը շարունակում է հրետակոծել Սիրիայում քրդերի դիրքերը

Թուրքիայի զինուժը ականանետներով կրակել է Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման վերահսկած տարածքների ուղղությամբ: Այս մասին ապրիլի 28-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրք-սիրիական սահմանին շարւոնակվում են բախումները Թուրքիայի զինուժը և Սիրիայի քրդական խմբավորումների միջև

Թուրք-սիրիական սահմանին շարւոնակվում են բախումները Թուրքիայի զինուժը և Սիրիայի քրդական խմբավորումների միջև

Աղբյուրի համաձայն՝ կրակոցների արդյունքում սպանվել է YPG խմբավորման 3 մարտիկ: Թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի զինուժը կրակել է քրդերի դիրքերին, այն բանից հետո, երբ PYD-ն և YPG-ն հրետակոծել են Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե և Սուրուչ գավառների միջև ընկած տարածքը: Աղբյուրը նաև հայտնում է, որ քրդերը կրակել են Թուրքիայի սահմանապահների ուղղությամբ:

Քրդերի դեմ գործողությունների համար Թուրքիայի զինուժը լրացուցիչ խմբեր և տեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման:

Ապրիլի 27-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ  PYD-ն և YPG-ն ընդհանուր առմամբ կրակել են Թուրքիայի 11 սահմանապահ տեղամասի վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին YPG-ն հայտնել են, որ քուրդ ուժայինները թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ 2 տանկ են խոցել: Թուրքական կողմը ևս հաստատել է տանկերի խոցման փաստը, սակայն նշել է, որ միջադեպի արդյունքում թուրքական զինուժը անձնակազմի շրջանում կորուստներ չունի:

Ապրիլի 26-ից Թուրքիայի զինուժը հրետակոծում է քրդերի դիրքերը, բացի այդ, մի քանի օր առաջ Թուրքիայի օդուժը նաև ավիահարվածներ է հասցրել Սիրիայում քրդերի դիրքերին:

Նշենք, որ թուրքական կողմը PYD-ն դիտարկում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղավորումներից մեկը և բնորոշում է որպես ահաբեկչական կառույց: Թուրքիայի քաղաքական վերնախավը ներկայացուցիչները իրենց հայտարարություններում մշտապես նշում են, որ «այդ կառույցը սպառանալիք է Թուրքիայի անվտանգության համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *