Ս-400-ների ձեռքբերման վերջնական որոշումը կայացնելու են Թուրքիայի նախագահը և վարչապետը

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Վաշինգտոնում հայտնել է, որ ռուսաստանյան արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռքբերելու մասին որոշումը կընդունվի ամենամոտ ժամկետներում: Ս-400 ԶՀՀ-ին վերաբերող հարցի քննարկումը ավարտական փուլում է: Վերջնական որոշումը կայացնելու են Թուրքիայի նախագահը և վարչապետը: 

Ըստ Ըշըքի՝ Թուրքիան, իր անվտանգությանը ուղղված սպառնալիք հաշվի առնելով, ձգտում է արագացված տեմպերով ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ: Փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը: Պաշտպանության նախարարը Վաշինգտոնում էր՝ ԱՄՆ պաշտպանության նախարարին հանդիպելու համար:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Թուրքիայի ՊՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր ի սկզբանե նախապատվությունը տվել է դաշինքի անդամ երկրներից հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուն, սակայն դա չի հաջողվել: Այդ պատճառով էլ Թուրքիան սկսել է այլընտրանքային տարբերակներ փնտրել:

Նշենք, որ բանակցություներն ընթանում են 2016 դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ նոյեմբերին երկու երկրների նախագահները համաձայնություն ձեռք բերեցին: Ռուսաստանյան կողմից հայտնում են, որ բանակցություների ընթացքում անընդհատ նոր պայմաններ են ի հայտ գալիս, որոնց հետևանքով բանակցությունները ձգձգվում են:

Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին  «ՌԻԱ Նովոստիին» ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության համակարգից հայտնել էին, որ երկրները դեռ բանակցում են Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ: Սակայն առայժմ ստորագրման համար որևէ պայմանագիր չի նախապատրաստվել:

Շատ ավելի վաղ՝ Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու դեպքում Թուրքիան դրանք չի ինտեգրի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին։

Իր հերթին ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ Թուրքիան ցանկանում է Ս-400 համալիրները ձեռք բերել ռուսաստանյան վարկով և, որ կողմերը բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ: Ըստ նրա՝ վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն համալիրների մատակարարման պայմանագիր։

Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերին Թուրքիան որոշել էր դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները չինական ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։ 2013 թ. քննարկվող մրցույթին ևս կար ռուսաստանյան համակարգ, բացի այդ, չինական համակարգը և ռուսաստանյանի պատճեն էր:

Սակայն այդ ժամանակ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին չինտեգրվելու փաստը խանգարեց գնել չինական համակարգեր: Ներկայում ևս կասկածներ կան, որ Թուրքիայի իրական նպատակը ոչ թե ռուսաստանյան արտադրության համակարգերը գնելն է, այլ՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու միջոցով ձեռնտու պայմաններով Patriot ՀՕՊ համակարգեր ստանալը:

Ավելի վաղ Ռազմինֆոյի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նշել էր, որ Ս-400-ի վաճառքը Թուրքիային Ռուսաստանի համար առաջնահերթ կարևորություն ունի նախ այն տեսանկյունից, որ ՆԱՏՕ-ում զինուժի թվաքանակով երկրորդ երկրի՝ Թուրքիայի ՀՕՊ համակարգը կլինի ռուսաստանյան արտադրության։ Միևնույն ժամանակ նա կասկած էր հայտնել, որ Թուրքիան նման քայլի կգնա՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը:

Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիակական համագործակցության գծով խորհրդական Վալդիմիր Կոժինը  մարտին հայտարարել էր. «Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք չենք վախենում Անկարային Ս-400 համալիրներ տրամադրել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *