ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի 22-րդ բանակային կորպուսը ձմեռային ուսումնական շրջանի ամփոփիչ ստուգումների շրջանակներում ավելի քան 70 միավոր հրետանային տեխնիկայի ներգրավվածությամբ վարժանքներ է սկսել Ղրիմում։ Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Նոնա» ինքնագնաց հրետանային կայանքներ, Դ-30 և «Մստա-Բ» հաուբիցներ, «Խրիզանտեմա» ինքնագնաց հակատանկային հրթիռային կայանքներ, «Պադնոս» նռնականետներ։
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Սևծովյան նավատորմի առափնյա պաշտպանության առանձին բրիգադի և ծովային հետևակի հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի կրակակետերը։ Զինծառայողները մարտական հրաձգություն վարել են փակ դիրքերից։
Վարժանքների ընթացքում Մի-8 ուղղաթիռների անձնակազմը հետևել է տեխնիկայի շարասյանը, այնուհետև ավիացիոն չկառավարվող հրթիռներով խոցել է տարբեր թիրախներ։ Պայմանական հակառակորդի տարբեր թիրախներ խոցվել են նաև Կա-27 ուղղաթիռներով։