Եմենի հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի ավիաբազային

Եմենի հութիները հայտնում են, որ մարտի 18-ին «Բորքան-2» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռով հարվածել են  Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող «Սալման արքայի» անունը կրող ավիաբազային։ Այս մասին մարտի 21-ին տեղեկացնում է Janes ռազմական հանդեսը։

Ավիաբազայի հրթիռակոծման մասին լուրը դեռևս չի հաստատվել, սակայն  սաուդյան պետական լրատվական գործակալությունը (Saudi Press Agency) հայտնում է, որ մարտի 17-20-ը երկրի ՀՕՊ ուժերը վնասազերծել են հարավային Ջազան քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռները։

Նույն գործակալությւոնը մարտի 22-ին  հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Խամիս Մուշահիթ, Ջազան, Դհահրան, Ալ-Ջանուբ, Նաջրան, Թաիֆ և Մեքքա սահմանային քաղաքների ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները։

Հիշեցնենք, որ փետրավրի 5-ին Եմենի հութիները «Բորքան» հրթիռ էին արձակել  մայրաքաղաք Ռիադի արևմուտքում գտնվող Ալ- Մուզայիմյահ բնակավայրում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հութիների՝ հրթիռը կարողացել է խոցել թիրախը։

Սակայն Սաուդյան Արաբիան հերքել էր այս տեղեկությունը։

Նախկինում հութիները նույնպես հարվածել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, առաջին անգամ Սաուդների ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ արձակել են 2015-ի  հունիսի 6-ին՝ թիրախավորելով Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան: Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով: Այնուհետև նույն թվականի հունիսի 29-ին հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք ََԱլ-Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմաբազային։

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հութիները և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հութիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *