Թուրքիայի զինուժը ավարտել է PKK-ի դեմ գործողությունները Դիարբեքիր նահանգում

Մարտի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ավարտվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Աղբյուրի համաձայն՝ գործողությունների արդյունքում Թուրքիայի զինուժը «շարքից հանել է» քրդական կառույցի 28 զինյալ: Բացի այդ, նրանց թաքստոցներում հայտնաբերվել և առգրավվել են մեծ թվով զենք ու զինամթերք, ոչնչացվել է 23 ինքնաշեն պայթուցիկ սարք:

Բացի այդ, գործողությունների արդյունքում ձերբակալվել է 12 մարդ, որոնք մեղադրվում է PKK-ի հետ առնչության ունենալու համար:

Նշենք, որ Դիարբեքիրում ռազմական գործողությունները քրդական կառույցի դեմ մեկնարկել էր մարտի 5-ից: Գործողությանը ներգրավվել են ընդհանուր առմամբ 8 հազար զինծառայող, որից 7000-ը՝ ժանդարմներ: Գործողությունը համակարգում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը՝ ում ենթակայության տակ էլ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո անցել է ժանդարմերիան:

Հիշեցնենք, որ թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում:

Բացի այդ, Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են: Այդ նահանգներից հազարավոր մարդիկ են տեղահանվել: Տեղահանվածների ընդհանուր քանակը տատանվում է 355 հազարից մինչև կես միլիոնի սահմաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *