«Вертолеты России» հոլդինգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարության հետ բանակցություններ են ընթանում Աֆղանստանում շահագործվող ռուսաստանյան արտադրության զինտեխնիկայի վերանորոգման և ծառայությունների մատուցման շուրջ:
Հոլդինգը հայտնել է նաև, որ պատրաստ են մի քանի առաջարկներ, այդ թվում՝ Մի-24 հարվածային ուղղաթիռների վերանորոգման հարցով: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալությանը Աֆղանստանի ԱԳ նախարար Սալահուդի Ռաբանին հայտնել էր, որ Քաբուլը հույս ունի՝ Աֆղանստանում Մոսկվան կբացի ուղղաթիռների սպասարկման կենտրոն:
Նշենք, որ Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանը անմիջական համագործակցություն չի ունեցել՝ բացառությամբ Աֆղանստանի բանակին մատակարարված ուղղաթիռների շուրջ պայմանագրի: Շուրջ 50 միավոր Մի-17 բազամանպատակային սուղղաթիռ է մատակարարվել Աֆղանստանին, որոնց վերանորոգման համար ամերիկացիները ստիպված կլինեն կրկին չեղարկել «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ սահմանած պատժամիջոցները՝ պահեստամասեր ձեռք բերելու համար:
Նշենք, որ 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ն բացառություն էր արել. 2011 թվականին կնքված պայմանագրով Աֆղանստանին մատակարարված ուղղաթիռների վերանորոգման համար հանել էր ՌԴ պետկորպորացիայի դեմ սահմանված պատժամիջոցներ, սակայն 2017-ի պաշտպանական բյուջեի փաստաթղթով երկրի պաշտպանության նախարարությանը արգելվում է բյուջեի միջոցներից հատկացումներ կատարել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» կորպորացիայի հետ պայմանագրերի կնքմանը: