Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդերի բախումներում սպանվել է 2000 մարդ. ՄԱԿ

2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում (ըստ երևույթին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ): 

Այս տվյալները ընդգրկված են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Թուրքիայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի և մարդու իրավունքների մասին մարտի 10-ին հրապարակված զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ թուրք-քրդական բախումների ընթացքում, բացի նշված 1200-ից, սպանվածներից 323 հոգին քաղաքացիական է, 799 հոգի՝ Թուրքիայի ուժային կառույցներում ծառայող: Բացի այդ, վիրավորվել է մոտ 2040 քաղաքացի և 4428 անվտանգության աշխատակից

Բացի այդ, Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են:

Ամենաշատ վնասները հատկապես կրել են Մարդին նահանգի Նուսայբին, Դերիք, Դարգեչիթ գավառները, Դիարբեքիր նահանգի Սուր, Բիսմիլ, Դիջլե և Շրնաք նահանգի Ջիզրե, Սիլոփի գավառները: Օրինակ, Նուսայբին գավառում ընդհանուր առմամբ վնասվել է 1786 շինություն, որից 398 ամբողջությամբ է ոչնչացվել, 383 լուրջ վնասներ է կրել, իսկ 1005 թեթև:

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ոչնչացնել հասարակական շինությունները քրդերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում: Օրինակ, 2015-ի հունիսին և 2016-ի հուլիսին Դիարբեքիր նահանգի Սուր գավառում արված նկարները ցույց են տալիս նյութական վնասների պատկերը:

2016-ի օգոստոսին Դիարբեքիր քաղաքի մոտ 3 հեկտար տարածք հողին է հավասարեցվել: 2016-ի հունվար-օգոստոս ամիսների հողին հավասարեցված շինությունների ընդհանուր մակերեսը կազմել է 18,7 հեկտար: Դիարբեիքրի տեղական կառավարման մարմինները հայտնել են, որ Սուր գավառի շինությունների շուրջ 70 տոկոսը ավերվել է: Գավառի 12000 բնակչից 45000-ը ստիպված է եղել  փախչել իրենց բնակավայրերից և նրանց այլև թույլ չի տրվել վերադառնալ:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

2016-ի սեպտեմբերին Թուրքիայի կառավարությունը հայտարարել է հարավարևելյան նահանգներում վերականգնողական աշխատանքների իրականացման ծրագրի մասին: Ծրագրի համաձայն, Թուրքիայի իշխանությունները 21 միլիարդ ամերիկյան դոլլար են հատկացնելու հարավ-արևելքում ավերված շինությունների, ենթակառուցվածքների վերականգման համար: Նախատեսվում է վերակառուցել մոտ 31 հազար բնակելի տուն և կառուցել 800 գործարան, 15 նոր հոսպիտալ:

Զեկույցը անդրադառնում է նաև Թուրքիայի զինուժի գործողությունների արդյունքում հարավարևելյան նահանգներից տեղահանված բնակչությանը:

Տեղահանվածների ընդհանուր քանակը տատանվում է 355 հազարից մինչև կես միլիոնի սահմաններում: Ամենաշատ տեղահանվածները եղել են Դիրաբեքիրի Սուր գավառից. տեղի բնակչության մոտ 95 տոկոսը ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվել է: Նրանք հիմնականում տեղափոխվել են Դիարբեքիր նահանգի գյուղեր, Վան և Բաթման քաղաքներ: Սակայն, կառավարության տված աջակցությունը տեղահանվածներին անարդյունավետ է և շատ չնչին է: Ընդ որում, առայժմ տեղահանվածները չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր կա՛մ այն պատճառով, որ իրենց տները ամբողջությամբ ոչնչացվել են, կա՛մ այն պատճառով, որ կառավարությունը տարբեր միջոցներով խոչընդոտուոմ է նրանց վերադարձը:


Զեկույցում ներկայացվում են նաև ձերրբակալությունների, ճնշումների և հետապնդումների մասին տվյալներ:

Մինչև 2016-ի դեկտեմբերը Թուրքիայում փակվել է 160 ԶԼՄ, 130 լրագրող նախնական կալանքի է ենթարկվել, նրանցից շատերը Թուրքիայի հարավերևալյան նահանգներում քրդերենով լույս տեսնող թերթերի լրագրողներ են:

2016-ի մայիսին Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն մի շարք պատգամավորներ զրկվել են անձեռնխելիության իրավունքից (ընդհանուր՝ 138 պատգամավոր).

  • Ընդդմիադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) — 50 պատգամավոր,
  • Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP) — 53 պատգամավոր,
  • Իշխող «Արդարություն  և զարգացում կուսակցությունից» (AKP) — 27 պատգամավոր,
  • «Ազգայնական շարժում կուսակցությունից» (MHP) — 9 պատգամավոր,
  • Անկուսակցական 1 պտգամավոր:

Նշենք, որ քրդական HDP կուսակցությունը երրորդ ամենամեծ կուսակցությունն է  դարձել Թուրքիայի խորհրդարանում՝ 2015-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների 10,8 տոկոսը:

2016 նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են քրդական կուսակցության 12 պատգամավորների, այդ թվում նաև համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին:

Կուսակցության 2017-ի հունվարի 2-ի հայտարարության համաձայն` 2015-ի հուլիսից մինչ 2017-ի հունվար ընդհանուր առմամբ HDP կուսակցությունից 8711 մարդ է ձերբակալվել, այդ թվում նաև պատգամավորներ, անդամներ և կուսակցության համակիրներ:  8711-ից 4457 ձերբակալվել են Թուրքիայիում 2016-ի հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:

Թուրքիայի արդարադատության նախարարության 2016-ի նոյեմբերի հայտարարության համաձայն՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 92607 մարդու նկատմամբ, որից 39378 կալանավորվել են: Թուրքիայի հարավարևելյան նահանգներում ձերբակալված մարդկանց տվյալները հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *