Ռուսաստան այցի օրը հրապարակված հոդվածում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նպատակահարմար է քննարկել Գյումրիում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիր ստեղծելու հարցը:
Այդպիսի համալիրը, ըստ նախագահ Սարգսյանի, հնարավորություն կտա տեղում արդիականացնել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի սպառազինությունը և աշխատատեղեր ստեղծել Գյումրիում: Նախագահ Սարգսյանի հոդվածն այսօր՝ մարտի 14-ին, հրապարակել է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 102-րդ ռուսական ռազմաբազայում. հետևում «Սմերչ» ՀԿՌՀ-ն է երևում (արխիվ)
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի համար նշանակալի իրադարձություն էր Ռուսաստանի և Հայաստանի նախագահների այցը 2013թ դեկտեմբերին: Այդ ժամանակ քննարկվել են նաև ռազմաբազայի տեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման հարցեր:
Այս համատեքստում էլ ՀՀ նախագահը հիշատակել է համատեղ համալիրի ստեղծման մասին գաղափարը: Ընդ որում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ համալիրի ստեղծումը պետք է հաշվարկել այնպես, որ Ռուսաստանի համար այն ռազմատեխնիկական համագործակցության պլատֆորմ լինի Հայաստանի հարևան և Ռուսաստանի համար զենքի շուկա հանդիսացող երկրների հետ:
Տեղին է նշել, որ Հայաստանի սպառազինության մեծ մասը հենց Ռուսաստանի արտադրանք է, և նմանատիպ համալիրի ստեղծումը հնարավորություն կտա հայկական բանակի սպառազինությունը նույնպես արդիականացնել և սպասարկել տեղում՝ Ռուսաստան տեղափոխելու փոխարեն: