Փետրվարի 19-ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Բասիջ կազմավորման զորավարժությունը։ Վարժանքներին ներգրավվել է 98 բրիգադ (76 տղամարդկանց , 22 կանանց)։ Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Մինչև փետրվարի 24-ը անցկացվող զորավարժությանը խաղարկվելու են պաշտպանական, հետախուզական գործողություններ։
Ավելի ուշ՝ փետրվարի 23-24-ին, Բասիջը զորավարժություն կանցկացնի նաև Պարսից ծոցի Գոչեսարան շրջանում։ Փոխանցում է «Բասիջնյուզ» լրատվակայքը։
Զորավարժության նպատակը անբարենպաստ պայմաններում գործողություններ վարելու հմտությունների ամրապնդումն է և մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։
Զորավարժությանը զինծառայողները իրականցնելու են որոնողափրկարարական վարժանքներ, պաշտպանելու են քաղաքի արվարձանները, կանխարգելելու են զանգվածային անկարգությունները։
Բասիջը (պրսկ. بسيج) իրանցի երիտասարդ կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով: 2007 թվականից ԻՀՊԿ ենթակայության ներքո է:
Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը, հանրային կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:
Հիշեցնենք, որ իրանական օրացույցով բահման ամսին (2017 թ. հունվարի 20 ” փետրվարի 18) Իրանի տարածքային ջրերում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում զորավարժություն կանցկացմի այդ երկրի ՌԾՈւ-ն։