CNN. Պենտագոնը կարող է առաջարկել ԱՄՆ ղեկավարությանը՝ զորք մտցնել Սիրիայի տարածք

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը փետրվարի 16-ին փոխանցել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության (Պենտագոն) ներկայացուցչի հայտարարությունն առ այն, որ հնարավոր է Միացյալ Նահանգները կանոնավոր զինված ստորաբաժանումներ մտցնի Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Փոխանցում է հեռուստաընկերության կայքը:

Պենտագոնի ներկայացուցիչը, սակայն, նշել է, որ հարցի վերջնական լուծումը կախված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից: Եթե նման որոշում կայացվի, ապա ամերիկյան ցամաքային ստորաբաժանումները Սիրիա կարող են ուղարկվել առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշվում է, որ եթե գործողությունը թույլատրվի, ապա զորքի մի մասը նախ կուղարկվի Քուվեյթ, ապա՝ Սիրիա: Որպես հավանական առաքելություններից մեկը նաև նշվում է թուրք-քրդական խոշոր զինված բախումները թույլ չտալը:

Միևնույն ժամանակ Պենտագոնից ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են, որ իրենք դեռևս շարունակում են ուսումնասիրել Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու տարբերակը, սակայն առայժմ որևէ որոշում չի ընդունվել: Այստեղ ամերիկյան կողմից հայտնել են, որ այդ հարցը քնարկվում է հենց Թրամփի համապատասխան առաջարկի հիման վրա:

Հիշեցնենք, որ ներկայում Սիրիայի տարածքում ԻՊ դիրքերին ավիահարվածներ են հասցնում ամերիկյան օդուժի ինքնաթիռները: Մասնավորապես 2015-16 թթ. խոսակցություններ կային նաև այն մասին, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Սիրիա և Իրաք, սակայն Օբամայի վարչակարգը հերքում էր այդ լուրերի իսկությունը:

One response to “CNN. Պենտագոնը կարող է առաջարկել ԱՄՆ ղեկավարությանը՝ զորք մտցնել Սիրիայի տարածք

  1. Pingback: ՆԱՏՕ-ն չի քննարկում սիրիական պատերազմին մասնակցելու հարցը. Ստոլտենբերգ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *