Իրանի լիազորությամբ Ռուսաստանի օդուժը կարող է թռիչքներ իրականացնել Իրանի օդային տարածքով

Անհրաժեշտության դեպքում և համապատասխան հայտարարության առկայության պարագայում հնարավոր է ռուսական ինքնաթիռներին թույլատրվի Իրանի օդային տարածքով օժանդակել Սիրիայում ցամաքային գործողություններին։ Այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է  Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Փոխանցում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՝  անդրադառնալով  այն լուրերին, որ ռուսական 6 կործանիչ Դեր Զորում ԻՊ դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար թռիչքներ են իրականցրել նաև Իրանի օդային տարածքով, Շամխանին հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժը շարունակում է օգտագործել Իրանի օդային տարածքը, քանի որ Իրանն ու Ռուսաստանը ունեն ամբողջովին ռազմավարական համագործակցություն։

«Իրանը Ռուսաստանի հետ կիրականացնի Սիրիայի հարցում անհրաժեշտ ցանկացած տեսակի համագործակցություն, և  հնարավոր է, որ այդ շրջանակներում  համապատասխան լիազորությամբ Իրանի օդային տարածքով թռիչքներ իրականցվեն»։

Նա նաև հայտարարել է, որ  թռիչքների իրականացումը նախօրոք համաձայնեցվում է, իսկ վերջերս ռուսները միայն օգտագործել են Իրանի օդային տարածքը, վերալիցքավորում չի եղել։

Հիշեցնենք, որ նախկինում ևս  Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար ռուսաստանյան  հեռահար ռազմավարական ռմբակոծիչները Ռուսաստանից Իրանի և Իրաքի տարածքով թռչում էին Սիրիա, հարվածներ հասցնում ու վերադառնում:

Հետագայում՝ 2016-ի օգոստոսին, Իրանի ղեկավարության համաձայնությամբ Ռուսաստանի նույն ռմբակոծիչները մի քանի անգամ թռիչքներ իրականացրին Իրանի Համադանի ավիաբազայից:

Ավիաբազայի օգտագործման մասին առաջինը հայտարարեց ռուսաստանյան կողմը՝ ներկայացնելով, թե Ռուսաստանն ինքնաթիռներ է տեղակայել Իրանում։ Սա հարուցեց իրանական կողմի զայրույթը, Թեհրանը հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ հրապարակելով Համադանի ավիաբազայից ՌԴ ԶՈւ ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունները։ Ավելին, իրանական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե ինքնաթիռներ է տեղակայել Իրանի ավիաբազայում, այլ ուղղակի թռիչքներ է կատարել այնտեղից։

Արդյունքում իրանական ավիաբազայից Ռուսաստանի օդուժի թռիչքները դադարեցվեցին։ Սակայն անհայտ է՝ հետագայում գաղտնի թռիչքներ եղան, թե ոչ։

Հավելենք նաև, որ Իրանում ռմբակոծիչների տեղակայումը ռուսաստանյան զինուժին թույլ էր տալիս նաև  զգալիորեն կրճատել Սիրիայում ավիահարվածների ծախսերը, ինչպես նաև դրանց համար ծախսվող ժամանակը, քանի որ ռմբակոծիչները Սիրիա էին հասնում ՌԴ Հս․ Օսեթիայում տեղակայված ավիաբազայից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *