[Խմբագրած] Ադրբեջանի 2017 թ. ռազմական բյուջեով խոշոր գումար է հատկացվում ռազմարդյունաբերությանը

Ադրբեջանում անցնող տարվա պետբյուջեն, այդ թվում՝ նաև ռազմականը վերահաշվարկվել է 2 անգամ՝ 2015 թ. վերջին և 2016 թ. փետրվարին՝ կապված նավթի գնի կտրուկ անկման հետ:

[Հավելում. 13:49, 28 դեկտեմբերի, 2016 թ.] Ադրբեջանի նախագահը 2016 թ. դեկտեմբերի 27-ին հաստատել է բյուջեի նախագիծը։ Այդ առիթով հրապարակած փաստաթղթերից լրացուցիչ տվյալներն են հայտնի դառնում, մասնավորապես, որ լրացուցիչ գումարը չի հատկացվելու ռազմարդյունաբերության նախարարությանը, այլ առանձին ենթակետով է նշված։ Տե´ս հոդվածի թարմացված տարբերակը։

2017 թ. համար քննարկվող նախագիծը ևս երկու անգամ արդեն վերանայվել է, սակայն վերջնական տարբերակը դեռ չի հաստատվել: Նախագծով՝ նախորդ տարիների համեմատ, կտրուկ ավելացվում են ռազմարդյունաբերությանը հատկացվող գումարները:

Ադրբեջանի խորհրդարանում դեռևս քննարկվում է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 2.642 մլրդ մանաթ (~1.473 մլրդ դոլար՝ դեկտեմբերի 26-ի փոխարժեքով), ինչը ընթացիկ տարվա բյուջեից ավել է մոտ 413 մլն մանաթով (~43 մլն դոլար*):

* Հաշվարկվել է ընթացիկ տարվա բյուջեն ընդունման օրվա (05.03.16 թ.) դոլարային փոխարժեքով և 2017 թ. բյուջեի նախագծով՝ 26.12.2016 թ. դոլարային փոխարժեքով հատկացումների տարբերությունը: Ըստ այդմ՝ նույնիսկ մանաթով 413 մլն մանաթ աճելու պարագայում՝ մանաթի արժեզրկման հետևանքով դոլարային փոխարժեքով տարբերությունը անհամեմատ ցածր է:

Չնայած որ պաշտպանական ոլորտին հատկացվող ընդհանուր բյուջեում կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն ենթակետային հատկացումներում զգալի տեղաշարժեր են եղել: Մասնավորապես՝ շուրջ 845 մլն մանաթով նվազում է «պաշտպանական ուժեր» ենթակետով հատկացվող գումարը: Դրա հաշվին շուրջ 1 մլրդ 225 մլն մանաթով (~700 մլն դոլար) ավելանում են «այլ ծախսեր» ենթակետով հատկացումները՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության (ՊԱՆ) համար։ Անկախության տարիներին այդ ենթակետով հատկացումները երբևէ չեն գերազանցել մի քանի միլիոն դոլարը։

Ընդ որում նման վերաբաշխումը կատարվել է 2016 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերին ներկայացվել էր ռազմական բյուջեի բավականին փոքր ծավալով տարբերակ, որը շուրջ 27,5 %-ով պակաս էր ընթացիկ բյուջեից: Սակայն արդեն նոյեմբերին ռազմական բյուջեն ավելացվեց՝ մեծամասամբ ի հաշիվ կրթության, սոցապահովման, մշակույթի:

Ադրբեջանի ռազմական բյուջեի բաշխումը:

8.2. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
8.2.1 Պաշտպանական ուժեր

    • Պաշտպանության նախարարություն
    • Պետական սահմանապահ ծառայություն
    • Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն
    • Պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդում
    • Պաշտպանական ոլորտում պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր
    • Պաշտպանական ոլորտում աշխատավարձային համակարգի կատարելագործում և այլ սոցիալական միջոցառումներ

8.2.2 Ազգային անվտանգություն

    • Պետանվտանգության կոմիտե, արտաքին հետախուզական ծառայություն
    • Պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններ
    • Պաշտպանական արդյունաբերության նախարարություն

8.2.4 Այլ դասերին չպատկանող ծախսեր

  • Պաշտպանական արդյունաբերության նախարարություն

Աղյուսակ. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015–17 թթ., մլն մանաթով.

Բաժին 2015 2016 * 20.X.15 2016 *  23.II.16 2017 ** 29.IX.16 2017  16.XI.16 ***
8.2. Պաշտպանություն 1 779 1 838 2 229 1 615 2 642
8.2.1. Պաշտպանական ուժեր 1 651 1 724 2 115 1 487 1 270
8.2.2. Ազգային անվտանգություն 121.1 108.9 108.9 122.7 111.9
8.2.3. Պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններ 2.8 2.4 2.4 2.6 2.6
8.2.4. Այլ դասերին չպատկանող ծախսեր 3.4 3.0 3.0 3.1 1 257.6

* 2015 թ. դեկտեմբերին հաստատվել էր բյուջեն՝ նավթի մեկ բարելը 90 ԱՄՆ դոլարի հաշվարկով, սակայն 2016 թ. սկզբին նավթի գնի կտրուկ անկումից հետո կատարվեց վերահաշվարկ: 2016 թ. փետրվարին բյուջեի վերանայված տարբերակում նավթի մեկ բարելի գինը հաշվել են 25 դոլարով:

** 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի առաջին տարբերակում պաշտպանությանը նախատեսվում էր հատկացնել ընթացիկ՝ 2016 թ. բյուջեից 27.5%-ով պակաս գումար:

*** 2017 թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել բյուջեի նախագծի նոր տարբերակ, որտեղ պաշտպանության ծախսերը ավելացել են 63.5 %-ով։

Ինչի՞ն կարող են ուղղվել ռազմարդյունաբերության նախարարությանը հատկացվող գումարները.

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության (ռազմարդյունաբերություն) նախարարությունը զբաղվում է ինչպես Ադրբեջանի բանակի և այլ զինված կառույցների համար զինտեխնիկայի արտադրությամբ, վերանորոգմամբ, այնպես էլ՝ այլ երկրներից ռազմական նշանակության արտադրանքի մի մասի ձեռքբերման հարցերով:

2016 թ. ադրբեջանական լրատվամիջոցներից, համապատասխան պաշտոնյաների հայտարարություններից դատելով՝ ներկայում նման հատկացումները մասնավորապես կարող են ուղղվել երկու երկրների՝ Իսրայելի և Պակիստանի հետ ռազմական համագործակցության զարգացմանը: Սակայն այլ տարբերակները ևս չեն բացառվում, այդ թվում՝ այլ երկրներից զինտեխնիկայի ձեռքբերում, տեղում արտադրության, վերանորոգման կազմակերպում և այլն:

Իսրայելի դեպքում մասնավորապես հնարավոր ամեենախոշոր գնումներից շրջանառվում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի հարցը: Սա տարվա ընթացիկ տարում արդեն բազմիցս քննարկվել է: Նախ և առաջ պետք է ընդգծել, որ անգամ այս համակարգերը ձեռք բերելու պարագայում Ադրբեջանը չի կարող դրանք օգտագործել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռներ չեզոքացնելու համար: Այս մասին մանրամասն անդրադարձել ենք «Իսրայելական հրթիռները հարվածեցին հայկական լրատվադաշտին» վերտառությամբ հոդվածում: Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությանը և նշված հարցերին առավել մանրամասն մոտ օրերս կանդրադառնանք առանձին հոդվածով:

Պակիստանի հետ հնարավոր համագործակցության մասին խոսակցություններ

2016 թ նոյեմբերի 2-ին Պակիստանի առևտրի ու պաշտպանական արդյունաբերության (ՊԱ) նախարարները հայտարարել էին առաջիկա 5 տարում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության ծավալները 500 մլն դոլարի հասցնելու մասին: Բացի այդ, Պակիստանի ՊԱ նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը նշել էր, որ Ադրբեջանը հակված է Պակիստանից ներկրելու պաշտպանական նշանակության զինտեխնիկա և տեխնոլոգիաներ: Չի բացառվում, որ «Այլ դասերին չպատկանող ծախսեր» ենթակետով 700 մլն դոլար հատկացումների առնվազն մի մասը կարող է ուղղվել Ադրբեջանում պակիստանյան տեխնոլոգիաներով ռազմարդյունաբերական ծրագրերի իրագործմանը։

Այլ ծրագրեր

Վերջին ժամանակներում բաց աղբյուրներում խոսվել է Ադրբեջանում ռազմարդյունաբերական այլ ծրագրերի մասին ևս, որոնց համար նույնպես կարող են գումարներ հատկացվել վերոնշյալ 730 մլն դոլարից.

Բնականաբար, չի կարելի բացառել նաև այլ ծրագրերի առկայությունը, որոնց մասին բաց աղբյուրներից առայժմ հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *