Հերթական անգամ հայկական լրատվադաշտը կուլ տվեց ադրբեջանական քարոզչական խայծը. մի քանի լրատվամիջոց ընդհանրապես առանց փաստերը քննելու տարածեցին Ադրբեջանի՝ Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ իբր գնելու մասին լուրը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այդ գնման նպատակը հայկական «Իսկանդերները» վնասազերծելն է։
Այստեղ չենք անդրադառնա այն հարցին, թե որքանով է իրատեսական այդ գործարքն առհասարակ, քանի որ համակարգի մշակումը ֆինանսավորել են Միացյալ Նահանգները, և դժվար թե Իսրայելն իրավասու լինի այն վաճառելու մասին լրիվ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կխոսենք միայն այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում «Իսկանդեր» և «Երկաթե գմբեթ» համակարգերը, ինչպես նաև կքննենք այդ լուրի քարոզչական նպատակները։
Ի՞նչ է «Երկաթե գմբեթը»
«Երկաթե գմբեթը» (ԵԳ) Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկն է, որը նախատեսված է 4-ից 70 կմ հեռավորությունից արձակած հրետանային արկերն ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար։ Այս համակարգի էությունը և հնարավորությունները հասկանալու համար նախ անդրադառնանք Իսրայելի անվտանգության հիմնախնդիրներից մեկին։
Իսրայելի տարածքը պարբերաբար հրթիռային և ականանետային հարձակումների է ենթարկվում պաղեստինցիների կողմից։ Մասնավորապես տարբեր տարիներին Իսրայելի վրա արձակվել է մի քանի հարյուրից մինչև 1500 հրթիռ։ Որպես կանոն պաղեստինցիներն օգտագործում են ինքնաշեն «Կասսամ», ինչպես նաև «Գռադ» համակարգի գործարանային կամ ինքնաշեն 122 մմ հրթիռներ։
Ընդ որում չունենալով կանոնավոր հրթիռա-հրետանային ստորաբաժանումներ ու համազարկային կրակի կայաններ՝ պաղեստինցիները որպես կանոն սահմանափակվում են մեկ կամ մի քանի հրթիռների անկանոն արձակումներով, այլ ոչ թե լիարժեք հրթիռային համազարկով (օր.՝ խորհրդային արտադրության ԲՄ-21 «Գռադ» կայանքը մեկ համազարկով կարող է 20 վայրկյանում մինչև 40 հրթիռ արձակել)։
Հենց այս տիպի մարտահրավերների՝ այսինքն մի քանի հրթիռով սահմանափակվող հրթիռակոծումների, չեզոքացման համար էլ նախատեսված է «Երկաթե գմբեթ» համակարգը։ Այն՝ հայտնաբերելով հրթիռի արձակումը, հաշվում է դրա հետագիծը և, եթե հրթիռը վտանգ է ներկայացնում բնակավայրերի կամ այլ կարևոր օբյեկտների համար, արձակում է մինչև 17 կմ հեռահարություն ունեցող հակահրթիռներ, որոնք որսում են պաղեստինյան հրթիռը՝ հիմնվելով վերջինիս հետագծի հաշվարկների վրա։ Իսկ հետագծի հաշվարկը կատարվում է հրթիռների արագության ու բալիստիկայի հայտնի օրենքների հիման վրա, ինչն ըստ էության, բավականանին հեշտ լուծվող խնդիր է (մասնավորապես՝ օդի դիմադրությունն անտեսելու դեպքում, նմանատիպ խնդիրներ լուծում են անգամ դպրոցում, թեև իրական կյանքում օդի դիմադրությունն, իհարկե, պետք է հաշվի առնել)։
Ընդ որում, պիտի նկատի ունենալ, որ բաց հարց է «Երկաթե գմբեթի» արդյունավետությունը «Գռադի» անգամ մեկ կայանի, էլ չասած՝ մարտկոցի, լրիվ համազարկի դեպքում, նամանավանդ հաշվի առնելով ԵԳ մեկ հրթիռի արժեքը (մոտ 95000 ԱՄՆ դոլար)։
Այսպիսով, ի սկզբանե «Երկաթե գմբեթը» ստեղծվել է բավականաչափ նեղ խնդրի լուծման նպատակով, այն է՝ չեզոքացնել միջին և փոքր հեռահարության, սահմանափակ քանակով, չկառավարվող թիրախներ։
Ինչպե՞ս է աշխատում «Իսկանդերի» հրթիռը
Ի տարբերություն պաղեստինցիների օգտագործած հրթիռների՝ «Իսկանդերի» հրթիռը կառավարվող է։ Թռիչքի ժամանակ, հատկապես հետագծի սկզբնական և վերջնական հատվածներում, հրթիռը շատ ակտիվ, կտրուկ և անկանխատեսելի ձևով մանևրում է, որի ժամանակ հրթիռի գերբեռնումը հասնում է մինչև 20-30G։
Նշանակում է՝ «Իսկանդերի» հրթիռի հետագիծը ենթակա չէ նախնական հաշվարկման ոչ միայն հրթիռը որսալ ցանկացողի, այլ նույնիսկ՝ արձակողի կողմից։ Սա արդեն իսկ բացառում է այդ հրթիռների վնասազերծումը «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից, որի աշխատանքի հիմքում, ինչպես վերը նշեցինք, չկառավարվող հրթիռի հետագծի հաշվարկն էր՝ համաձայն բալիստիկայի օրենքների։
Ավելին, «Իսկանդերի» հրթիռը որսալու հավակնություն ունեցող ցանկացած պաշտպանական համակարգ պիտի փորձի որսալ հրթիռը «նրա հետևից վազելով»։ Դա նշանակում է, որ այդպիսի հակահրթիռը պիտի ոչ միայն ունենա ավելի մեծ արագություն, քան «Իսկանդերը», այլև պատրաստ լինի էլ ավելի կտրուկ մանյովրներ կատարելու և դիմանալու 2–3 անգամ ավելի մեծ գերբեռնումների, ինչը գործնականում իրագործելի խնդիր չի։
Ի՞նչ նպատակ էր հետապնդում ադրբեջական քարոզչամեքենան
Ադրբեջանական քարոզչության հիմնական ուղղություններից մեկն արդեն երկար տարիներ կարելի է ձևակերպել մոտավորապես այսպես. «մենք հեռվից հայերին կխփենք, իսկ հայերը մեզ չեն կարողանա պատասխանել ու մենք չենք կրի լուրջ կորուստներ»։ Կողմերի սպառազինության հնարավորությունների մասին պատկերացում ունեցողների համար միշտ էլ ակնհայտ էր այս թեզի սնանկությունը, սակայն «Իսկանդերի» ձեռք բերումից հետո դա սկսեց ակնհայտ լինել նաև և ադրբեջանական, և հայկական հանրությունների ավելի լայն շրջանակների համար։
Առավել մանրամասն «Իսկանդերի» տված հնարավորություններին Ռազմ.ինֆոն անդրադարձել է «Իսկանդեր-Է» ռազմավարական զսպման գործիք հոդվածում, որում մասնավորապես նշել ենք, որ «Իսկանդերը» հնարավորություն է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել Ադրբեջանի համար կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներին Բաքվում և նրա մերձակայքում։ Ու այս փաստի գիտակցումը չեզոքացնելու համար էլ ադրբեջանական քարոզիչները շրջանառության մեջ են դրել «Երկաթե գմբեթի» թեզը, փորձելով կրկին համոզել և ադրբեջանական, և հայկական հասարակություններին, թե հավանական հայ-ադրբեջանական պատերազմից Ադրբեջանը դուրս է գալու «փոքր արյամբ»։
Pingback: Ադրբեջանը ցուցադրել է Իսրայելից գնված Barak-8 զենիթահրթիռային համակարգեր | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի 2017 թ. ռազմական բյուջեով խոշոր գումար է հատկացվում ռազմարդյունաբերությանը | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեն. շուրջ 700մլն դոլար կուղղվի զենքի գնումներին | Ռազմ.info