Ադրբեջանում կկառուցվեն ինքնաթիռների հավաքման և ուղղաթիռների արդիականացման կենտրոններ

Օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Ադրբեջանում կգործեն ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն:  Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին հայտնում է ռուսաստանյան «Ռոսսիա 24» հեռուստաալիքի առցանց ծառայությունը:

Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը նաև հայտնել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսաստանյան МС-21 մարդատար ինքնաթիռների գնման հարցում: Նա նշել է, որ այս տարվա վերջում ինքնաթիռների փորձարկման փուլը վերջացնելու դեպքում կողմերը 2017-ի փետրվարին կկնքեն առնվազն 10 միավոր նման ինքնաթիռների վաճառքի պայմանագիր:

Գործարանը և վերանորոգման կենտրոնը բացվելու են Բաքվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցության արդյունքում: Բացի այդ, Ադրբեջանը հետաքրքրված է նաև «Ան-124 Ռուսլան» բեռնատար ինքնաթիռների ձեռքբերմամբ:

МС-21 մարդատար ինքնաթիռները ձեռք բերելու հուշագիր ադրբեջանական և ռուսաստանյան կողմերը ստորագրել էին դեռևս 2016-ի հունվարին, սակայն պայմանագիր դեռևս չի ստորագրվել:

Ինչ վերաբերում է գործարանին և արդիականացման կենտրոնին, ապա դեռևս պարզ չեն ինչպես կառուցման պայմանները և ժամկետները, այնպես էլ՝ թե ինչ ինքնաթիռներ են հավաքվելու Ադրբեջանում:

Նշենք, որ 2008-ին ռուս-վրացական հակամարտությունից հետո սրված հարաբերությունների պատճառով Վրաստանը դադարել էր իր երկրի տարածքում վերանորոգել և արտադրել ՍՈւ-25 կործանիչներ՝ 2010 թ. տեխնոլոգիաները փոխանցելով Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով ներկայումս Ադրբեջանի Սումգայիթի շրջանում գործում է Սու-25 ինքնաթիռների կապիտալ վերանորոգման կենտրոն: