[Լրացված] Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրների ռազմական փոխադրումների կարգը սահմանող համաձայնագիրը

Ռուսաստանի դաշնության խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը) դեկտեմբերի 21-ին վավերացրել է զինված կազմավորումների և ռազմական նշանակության բեռների փոխադրման մասին ՀԱՊԿ անդամ երկրների կնքած համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Լրացում․ Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահը ստորագրել է համաձայնագրի վավերացման մասին օրենք։

Փաստաթուղթը ստորագրվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում 2015-ի սեպտեմբերի 15-ին։ Նույն օրն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումների վերաբերյալ իր ելույթում հայտնել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Համաձայնագիր է ստորագրվել ռազմական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության մասին»:

Համաձայնագիրը սահմանում է զինվորական և այլ կազմավորումների, շարժական գույքի, ռազմական նշանակության ապրանքների փոխադրումների պլանավորման և իրականացման ժամանակ կողմերի փոխգործողությունների, ինչպես նաև՝ կողմ երկրների և համաձայնագրի կողմ չհամարվող երկրների տարածքով դրանց տարանցման կարգը։

Փաստաթուղթը սահմանում է նաև փոխադրումների անվտանգության պահպանման կարգը համատեղ միջոցառումների և զորավարժությունների, խաղաղարար գործողությունների, արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման ժամանակ։

Համաձայնագիրը գործում է նաև ՌԴ ԶՈւ օտարերկրյա ռազմաբազաներ ռազմական գույքի փոխադրման դեպքում։

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին, եթե ագրեսիայի ենթարկված պետությունը նման խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ կազմում ներկայում գործում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *