Իտալական բանակի գեներալներից մեկն առաջարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելության մասնակցող հայ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, անցկացված ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, փոխանցում է Panorama լրատվակայքը։
Հենց իտալական զորախմբի կազմում է գործում Լիբանանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող ՀՀ ԶՈւ խաղաղապահ դասակը, որը հիմա կազմված է 32 հոգուց:
Ըստ գեներալ-մայորի՝ բանակցություններ են տարվում Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ, սակայն դեռևս պարզ չեն խմբի ավելացման ժամկետները:
Խաղաղապահ բրիգադի հրամանատարը հայտարարել է, որ բրիգադի հնարավորությունները թույլ են տալիս արտերկրում միաժամանակյա առաքելությունների գործուղել ներկայում գործող կազմից 4-5 անգամ ավելի շատ զինծառայող: (Ներկայում արտերկրում միաժամանակյա առաքելությունների է մասնակցում ՀՀ ԶՈւ մոտ 200 խաղաղապահ):
Հրամանատարը նշել է, որ ՀՀ ԶՈւ միջազգային խաղաղապահ առաքելության իրականացման նոր ուղղություն դեռևս չկա, իսկ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերն իրենց առաքելությունների ժամանակ մասնակցում են ականազերծման և հակաահաբեկչական գործողությունների:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում։
Հայաստանն այս խաղաղապահ ծրագրին միացել է 2014-ի նոյեմբերին: Ներկայում Լիբանանում ծառայություն է իրականացնում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող: