Իտալիան առաջարկել է Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի

Իտալական բանակի գեներալներից մեկն առաջարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելության մասնակցող հայ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, անցկացված ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, փոխանցում է Panorama լրատվակայքը։

Հենց իտալական զորախմբի կազմում է գործում Լիբանանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող ՀՀ ԶՈւ խաղաղապահ դասակը, որը հիմա կազմված է 32 հոգուց:

Ըստ գեներալ-մայորի՝ բանակցություններ են տարվում Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ, սակայն դեռևս պարզ չեն խմբի ավելացման ժամկետները:

Խաղաղապահ բրիգադի հրամանատարը հայտարարել է, որ բրիգադի հնարավորությունները թույլ են տալիս արտերկրում միաժամանակյա առաքելությունների գործուղել ներկայում գործող կազմից 4-5 անգամ ավելի շատ զինծառայող: (Ներկայում արտերկրում միաժամանակյա առաքելությունների է մասնակցում ՀՀ ԶՈւ մոտ 200 խաղաղապահ):

Հրամանատարը նշել է, որ ՀՀ ԶՈւ միջազգային խաղաղապահ առաքելության իրականացման նոր ուղղություն դեռևս չկա, իսկ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերն իրենց առաքելությունների ժամանակ մասնակցում են ականազերծման և հակաահաբեկչական գործողությունների:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում։

Հայաստանն այս խաղաղապահ ծրագրին միացել է 2014-ի նոյեմբերին: Ներկայում Լիբանանում ծառայություն է իրականացնում  ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *