Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը սկսել է քննարկել իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխություների առաջարկի փաթեթը, որով նախատեսվում է Թուրքիայում սահմանել կառավարման նախագահական համակարգ և բանակն ամբողջությամբ դնել նախագահի ենթակայության տակ:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի կայքում:

Ռազմինֆոյի հետ զրույցում թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ փոփոխությունները հիմնականում ուղղված են Թուրքիայում իշխող կուսակցության վերարտադրմանը, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միանձնյա իշխանության հաստատմանը և հնարավորինս երկար այդ իշխանությունը պահելուն:

«Եվ փաստացի ստացվում է, որ այս համակարգի գործադրման դեպքում Էրդողանը հնարավորություն կստանա տեսականորեն իշխել մինչև 2029 թվականը:

Դա ավելի երկար է, քան մինչ օրս Թուրքիայում իշխած ցանկացած ղեկավարի, այդ թվում նաև՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի պաշտոնավարման ժամկետը» (Էրդողանը Թուրքիայում իշխանության է եկել 2003 թվականից — Razm.info)։

Ի՞նչ կփոխվի Թուրքիայում, եթե փոփոխություններն ընդունվեն․

Նախագահ / կառավարություն. բանակը և ողջ անվտանգային համակարգը դրվում է նախագահականի վերահսկողության տակ

  • Նախագահը կդառնա երկրի ղեկավարը,
    Կուսակցության հետ կապը չի կտրի (2014-ին նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը ձևականորեն ստիպված էր հրաժարվել կուսակցությունից)
  • Այսուհետ խորհրդարանի առաջ բանակի պատրաստության աստիճանի համար պատասխանատու կլինի ոչ թե նախարարների խորհուրդը, այլ՝ նախագահը
  • ԶՈւ ԳՇ պետը իր գործողությունների համար պատասխանատու կլինի ոչ թե վարչապետի, այլ՝ նախագահի առաջ
  • Նախագահը պետք է նշանակի իր օգնականներին (փոխնախագահներ), նախարարներին, բարձրաստիճան հասարակական պաշտոնյաների
  • Նախարարությունների հիմնումը, վերացումը, կառուցվածքը սահմանվում են նախագահի հրամանագրով
  • Նախագահի հանդեպ մեղադրանքի առկայության դեպքում քննություն կարող է սկսվել, եթե դրան համաձայնություն տա խորհրդարանի անդամների 50%+1 մեծամասնությունը:
  • Մեկ անձը կարող է նախագահ ընտրվել առավելագույնը երկու անգամ
  • Նախագահ ընտրվելու թեկնածություն կարող է դնել առնվազն 100 հազար ընտրողի ստորագրություն ստացած անձը

Անդրադառնալով բանակին վերաբերող փոփոխություններին՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ գործող սահմանադրությամբ ևս Թուրքիայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է, ինչը պահպանվում է.

«… խնդիրը նախագահին նոր տրվող լիազորություններն են, որով փաստորեն զինված ուժերը … դրվում են ամբողջությամբ նախագահի վերահսկողության տակ … Ակնհայտ է, որ սրանով թուլացվում է նաև  բանակի որոշակի ինքնաբավությունը, և շատ խնդիրներ արդեն կախված են լինելու նախագահից:

… Հատուկ օրենսդրական նախաձեռնությամբ, որը բխում է սահմանադրությունից, արդեն իսկ քայլեր են իրականացվում, որպեսզի նախագահականի վերահսկողական մարմինը իրականացնի լուրջ վերահսկողական ֆունկցիաներ գլխավոր շտաբի և ԳՇ պետի նկատմամբ»:

Փոփոխությունների փաթեթի մեկ այլ կետով վերացվում են զինվորական դատարանները։ Անդրադառնալով սրան՝ Հովսեփյանը նշեց, որ այդ դատարանները որոշակիորեն նաև ինչ-որ իքնաբավություն էր տալիս բանակին, այսինքն՝ բանակը զրկվում է ևս մի կարևոր լծակից:

Թուրքագետ Հովսեփյանն ընգծում է, որ եթե այս բոլոր գործընթացները դիտարկենք բանակ-քաղաքացիական իշխանություն հարաբերությունների համատեքստում, ապա ուրվագծվում է մի չափազանց կարևոր պատկեր, որ «բանակը որոշակիորեն սերտաճում է ներկայիս իշխանության հետ»:

Թուրքագետը կարծում է, որ ներկայիս իշխանությունները փորձում են որոշակիորեն ձևափոխել թուրքական բանակի արժեքային համակարգը (Թուրքիայի բանակը մշտապես հանդես է եկել քեմալականության և Քեմալի մշակած աշխարհիկ իշխանության գաղափարախոսության տեսանկյունից: Սակայն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ի դեմս Էրդողանի, դրսևորում է իսլամամետ կեցվածք — Razm.info):

Հովսեփյանը նշեց, որ ներկայում  բանակին աջակցող քաղաքական ուժերը, մասնավորապես «Ժողովրդական հանրապետական կուսակցությունը», քաղաքական մեխանիզմները թուլացված են: Բացի այս, Թուրքիայում վերափոխում են ռազմակրթական համակարգը, որտեղ, ըստ Հովսեփյանի, ևս արժեքային առումով փոփոխություններ կլինեն (նախկինում գործող ռազմակրթական համակարգում ևս կուրսանտները դաստիարակվում էին քեմալականության ոգով — Razm.info): Այսպիսով իշխանությունները փորձում են ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել բանակը:

Հովսեփյանը նկատեց, որ սա ամենևին նոր գործընթաց չէ (թուրքական իշխանությունները բանակի դերը և հարաբերական անկախությունը երկրի պետական-քաղաքական համակարգում սկսել են թուլացնել դեռևս 1990-ականների վերջից: ԱԶԿ իշխանության տարիներին դա շարունակվել է. մի շարք սահմանադրական, օրենսդրական փոփոխություններով բանակին հատկացված իրավասությունները, մեխանիզմներն աստիճանաբար նվազեցվել, չեզոքացվել են — Razm.info): Սակայն, ըստ Հովսեփյանի, հատկապես 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների համար նոր հրամայական է առաջացել:

Փոփոխությունների քաղաքական նշանակությունը

Անդրադառնալով փոխնախագահի համակարգի ներդրմանը՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշեց, որ փոփոխությունների ընդունման դեպքում վերացվում է վարչապետի պաշտոնը, նախագահը հնարավորություն է ստանում իր օգնականների միջոցով ղեկավարել անմիջապես իր կողմից նշանակված կառավարությունը:

Գեղամյանը նշեց, որ ըստ էության փոխնախագահը կլինի նախագահից կախված պաշտոնյա: Այսպիսով կարող ենք նշել, որ կստացվի մի համակարգ, որտեղ նա չի ունենա այն իրավասությունները, որոնք ունի վարչապետը և չի կարողանա հակակշռել նախագահի համակարգին, որի մասը կլինի նա:

Սակայն նախագահի անգործունակ դառնալու դեպքում փոխնախագահը կստանձնի նրա պաշտոնը: Բացի այդ, ըստ Գեղամյանի, շատ հնարավոր է, որ փոխնախագահ նշանակվի այնպիսի անձ, ով հետագայում հնարավորություն կստանա ընտրվել նախագահ:

Ի՞նչ է փոխվելու օրենսդիր մարմնում

  • Պատգամավորների թիվը 550-ից հասցվում է 600-ի,
  • Պատգամավոր ընտրվելու իրավունք ստանում են 18 տարեկանից,
  • Վերացվում են միջանկյալ ընտրությունները, ներմուծվում է «պահեստային պատգամավորների» համակարգ (իշխող կուսակցության բացատրությամբ՝ կուսակցություններից մեկի որևէ անդամի անգործունակ դառնալու դեպքում նրան կփոխարինի նույն կուսակցությունից ընտրված պահեստային պատգամավորը),
  • Ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ, նույն օրը կանցկացվեն նախագահի ընտրությունները:

Անդրադառնալով փոփոխությունների հիմնական տրամաբանությանը՝ թուրքագետ Գեղամյանը նշեց, որ այսպիսով նաև հնարավորություն է տրվում (գործադիր իշխանությանը՝ ի դեմս նախագահի) լեգիտիմ ճանապարհով միջամտել օրենսդիր և դատական իշխանությունների գործերին:

«Այդ ամենը ֆիքսվում է օրենքով: Եթե մինչ այս՝ վերջին երկու տարվա ընթացքում, տեսնում էինք դրա դե-ֆակտո իրականացումը՝ նախագահը կարողանում էր միջամտել դատական իշխանության գործերից մինչև ֆուտբոլային թիմի հարձակվողի խաղալ-չխաղալուն, ապա նոր փոփոխություններով հնարավորություն է տրվում դա անել լեգալ ճանապարհով»:

Եզրակացություն

Այսպիսով, եթե Թուրքիայում ընդունվեն Էրդողանի ու նրա կուսակցության առաջ քաշած սահմանադրական փոփոխությունները՝

  • Մուսթաֆա Քեմալի հիմնած խորհրդարանական Թուրքիան կդառնա նախագահական։ Դրա շնորհիվ Էրդողանի իշխանությունը կարող է ձգվել մինչև 2029 թ․։
  • Թուրքիայի բանակը վերջնականապես կվերածվի զուտ ռազմական գործիքի և կդադարի լինել քաղաքացիական իշխանության հակակշիռ ու վտանգ։ Ինչպես նշում է թուրքագետ Հովսեփյանը՝ սա կտանի Թուրքիայում բանակ-քաղաքացիական իշխանության գաղափարախոսական միաձուլմանը, ինչը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից:

Ավելացնենք, որ վերջերս սահմանադրական փոփոխությունների շուրջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համաձայնության է հասել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Երկու կուսակցությունների ձայները (347) բավական են փոփոխությունների փաթեթը հանրաքվեի դնելու համար (անհրաժեշտ է առնվազն 330 ձայն, ԱԶԿ-ն ունի 317)։ Խաղից դուրս է մնում Քեմալի հիմնած «ժողովրդական Հանրապետական» կուսակցությունը։

One response to “Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *