Չավուշօղլու. Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին Իրաքի Թալ-Աֆար քաղաքում

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) սպառնալիք ստեղծի Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքում Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան հետևում է տարածաշրջանում PKK-ի գործողություններին և հատկապես թուրքմեններով բնակեցված Թալ-Աֆար քաղաքին ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար Թուրքիան պատրաստություններ է տեսնում:

Եթե PKK-ն Թալ-Աֆարին ուղղված որևէ սպառնալիք ստեղծի՝ առանց երկմտելու հարվածելու ենք նրանց դիրքերին: Ինչպես Քանդիլում ենք հարվածում, այնպես էլ այնտեղ կհարվածենք»,-ասել է Չավուշօղլուն:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Իրաքի հետ կապված որոշ հարցերում Իրաքի կառավարության հետ հարաբերություններում որոշակի «մեղմացում է» նկատվում, մասնավորապես Իրաքի հյուսիում՝ Բեշիքայի ճամբարի հետ կապված:

Նշենք, որ վերջին շրջանում Իրաքի իշխանությունները այլևս չեն բարձրացնում Իրաքից թուրքական ստորաբաժանումների դուրս բերման հարցը: Սակայն մինչև այս Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին մի քանի անգամ պահանջել է թուրքական կողմից դուրս բերել զորքերը Բեշիքայից, մասնավորապես նոյեմբերի 1-ին  Ալ-Աբադին հայտարարել է Իրաքը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, բայց եթե առճակատում լինի, Իրաքը պատրաստ է դրան: Սակայն այս հայտարարությունները որևէ ազդեցություն չունեցան և թուրքական ստորաբաժանումները շարունակում են մնալ Իրաքում՝ Բեշիքայի շրջանում:

Դեկտեմբերի 10-ին էլ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսացրույց է ունեցել Իրաքի վարչապետ ալ-Աբադիի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են ԻՊ և PKK-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ մինչև այս թուրքական կողմը սպառնում էր, որ եթե Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված՝ «Ժողովրդական զորահավաքի ուժեր» (արաբ. Հաշդ ալ-շաաբի) ջոկատները մտնեն Թալ-Աֆար քաղաք, Թուրքիան համապատասխան գործողություններ է դիմելու:

Սակայն, այժմ, կարծես թե, թուրքական կողմը Թալ-Աֆարի գործողություններին միջամտելու համար փորձում է օգտագործել PKK-ի գործոնը՝ միևնույն ժամանակ իր գործողությունները հիմնավորելով այդ քաղաքում ապրող մեծաքանակ սուննի թուրքմեններին աջակցելու միջոցով:

Իրաքի զորքերը մոտենում են Թալ-Աֆար քաղաքին:

Իրաքի զորքերը մոտենում են Թալ-Աֆար քաղաքին:

Հիշեցնենք, որ Հաշդ ալ-շաաբի ջոկատները  հոկտեմբերից վերջին ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու համար և արդեն գտնվում են Թալ-Աֆար քաղաքի օդանավակայանից  18 կմ հեռավարության վրա:

Այդ զարգացումներից հետո, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հաշդ ալ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու: Այնուհետև Թուրքիան սկսեց նաև տանկեր և այլ զինտեխնիկա կուտակել Իրաքի հետ սահմանին:

Թալ-Աֆար քաղաքը գտնվում է 50-60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից: Այս քաղաքի գրավումը կարևոր է Մոսուլի ազատագրման գործողության համար:

One response to “Չավուշօղլու. Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին Իրաքի Թալ-Աֆար քաղաքում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *