Նոյեմբերի 1-ին Թուրքիան զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղափոխել երկրի հարավ-արևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահմանին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը
Համաձայն աղբյուրի՝ Անկարայից տանկեր և տանկերի քարշակներ, իսկ Չանքըրըից զրահափոխադրիչներ և այլ տեխնիկա է ուղարկվել Սիլոփի գավառ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ երկրի սահմանին ընթացող զարգացումների համատեքստում Թուրքիան պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի:
«Այժմ մի կողմից Թուրքիան երկրի ներսում է պայքարում ահաբեկչության դեմ, մյուս կողմից էլ երկրի սահմաններից այն կողմ կարևոր զարգացումներ են տեղի ունենում: Հետևաբար բոլոր այդ զարգացումներին Թուրքիան պետք է պատրաստ լինի և զինտեխնիկայի տեղափոխումը սահմանին այդ պատրաստությունների մի մասն է»,-ասել է Ըշըքը:
Նույն օրը՝ Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հայտարարել է հեռուստատեսությամբ, որ Իրաքը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ:
«Մենք Թուրքիայի հետ պատերազմ և առճակատում չենք ուզում, բայց եթե առճակատում լինի, մենք պատրաստ ենք դրան: Մենք Թուրքիային կհայտարարենք թշնամի և կվարվենք ինչպես թշնամու հետ»,-ասել է Աբադին:
Նշենք, որ մինույն ժամանակ, մի քանի օր է, ինչ Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված՝ «Ժողովրդական զորահավաքի ուժեր» (արաբ. Հաշդ ալ-շաաբի) ջոկատները ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյլալներից ազատագրելու համար և արդեն վերցրել են քաղաքին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր:
#BREAKING ” #Iraqi #PMU nearing #Tal_Afar held by #ISIS as dozens of villages are liberated everyday throughout the western front of #Mosul pic.twitter.com/dPxXbHEoj5
— Iraqi PMU English (@pmu_english) November 1, 2016
Այդ զարգացումներից հետո, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հաշդ ալ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու, ինչը ըստ երևույթին պայմանավորված է Իրաքի սուննի թուրքմենների գործոնով:
«Թալ-Աֆարը գլխավորապես Սիրիայի թուրքմեններով բնակեցված քաղաք է, մի մասը շիա, մյուս մասը՝ սունի: Մենք մարդկանց չենք դատում կրոնով, բայց եթե Հաշդ ալ շաաբիի ջոկատները մտնեն այդ քաղաք, մեր պատասխանը ուրիշ է լինելու»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը 1 տարով (մինչև 2017 թ.հոկտեմբերի 30) երկարաձգեց երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը՝ Իրաքի խորհրդարանը ընդունեց Թուրքիայի այդ որոշումը դատապարտող բանաձև:
Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին զգուշացրեց Թուրքիային, որ եթե այդ երկրի իշխանությունները թուրքական զորքերը դուրս չբերեն Հյուսիսային Իրաքի տարածքից, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի:
Հոկտեմբերի 6-ին, սակայն, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ թուրքական զորքերը շարունակելու են մնալ Հյուսիսային Իրաքում, ավելի կոնկրետ՝ Մոսուլի մոտ գտնվող Բեշիքայի շրջանում:
Pingback: Թուրքիան տանկերի մի մասն արդեն տեղակայել է Իրաքի սահմանին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Թուրքիան շարունակում է Իրաքի սահմանին ստորաբաժանումներ և տեխնիկա կուտակել | Ռազմ.info
Pingback: Չավուշօղլու. Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին Իրաքի Թալ-Աֆար քաղաքում | Ռազմ.info