Սիրիայում ՌԴ ԶՈւ շարժական հոսպիտալի վրա հարձակումից սպանվել է ռազմաբժիշկ

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի շարժական հոսպիտալի վրա կրակել են, ինչի հետևանքով սպանվել է մեկ ռազմաբժիշկ, ևս երկուսը՝ վիրավորվել են: Ռուսաստանյան կողմը մեղադրում է «ընդդիմադիրներին»:

Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքը:

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ հոսպիտալի վրա կրակել են Սիրիայի «ընդդիմադիր» զինյալները, քանի որ «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները շրջափակված են սիրիական բանակի կողմից և, ըստ ռուս գեներալի, հնարավորություն չունեին նշանառության տակ վերցնել հոսպիտալը:

Նշենք, որ Սիրիայի «ընդդիմադիրների» հարցում բավականին լուրջ տարաձայնություններ կան Սիրիայի իշխանությունների և նրանց դաշնակիցների, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի, ինչպես նաև Թուրքիայի մոտ: Յուրաքանչյուր կողմ ընտրել է «իրեն հարմար» խմբավորումներ, որոնց օժանդակում է: Այսպես, եթե Թուրքիան քրդերին համարում է «ահաբեկիչներ», ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ն այդ կարծիքին չեն և համագործակցում են քրդերի հետ:

Նույնպես, եթե Թուրքիան համարում է, որ Հալեպում տեղակայված զինյալների հիմնական մասը «ընդդիմադիրներ են» և աջակցում է նրանց, ապա Սիրիան, Ռուսաստանը և սիրիական պետության մյուս դաշնակից ուժերը ռազմական գործողություններ են վարում նրանց դեմ՝ համարելով անօրինական զինված խմբավորումներ, ահաբեկչական կառույցներ: Սա ժամանակ առ ժամանակ սրում է կողմերի հարաբերությունները:

Մասնավորապես, երբ նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրեց առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա՝ Թուրքիայի նախագահը Սիրիայի ռազմական գործողություններ սկսելուց հետո առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ իրեց հիմնական խնդիրը Ասադի իշխանությունը տապալելն է: Այս գործընթացների մասին առավել մանրամասն՝ հետևյալ հոդվածներում:

One response to “Սիրիայում ՌԴ ԶՈւ շարժական հոսպիտալի վրա հարձակումից սպանվել է ռազմաբժիշկ

  1. Pingback: Հալեպում մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *