Թուրքիայի զինված ուժեր մոտ 30 հազար նոր զինծառայող է ընդունվելու

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հետաքննության արդյունքում երկրի զինված ուժերից հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30,000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Համաձայն աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժեր նախատեսվում է ընդունել 322 սպա, 3547 ենթասպա, 7179 շարքային և 11907 պայմանագրային շարքային: Բացի այդ նախատեսվում է ռազմական դպրոցներ ընդունել մոտ 3500 կուրսանտ:

Պլանավորվում է նաև 200 պայմանագրային սպա և 500 պայմանագրային ենթասպա ընդունել երկրի ԶՈւ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն՝ «բոսորագույն բերետավորների» (Bordo Bereliler) ստորաբաժանումներ:

Նշենք, որ նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը սկսել է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթացը։ Դիմելու իրավունք ունեն 28 տարին լրացած Թուրքիայի քաղաքացիները:

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է շուրջ 10 հազար զինծառայող ընդունելու մասին՝ հրապարակելով դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ ժամկետները և պայմանները:

Հավելենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո բազմաթիվ զինվորականներ և ուժայիններ հեռացվել են Թուրքիայի ԶՈւ, ժանդարմերիայի, ՆԳՆ ստորաբաժանումների կազմերից: Այս միջադեպից հետո բոլոր կառույցներում անձնակազմի խնդիր է առաջացել, որը փորձում են լրացնել նոր զինծառայողների ընդունմամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: