Թուրքիայի զինված ուժերից ընդհանուր առմամբ հեռացվել է մոտ 20000 մարդ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ երկրի զինված ուժերից հեռացվել է մոտ 20,088 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Համաձայն պաշտպանության նախարարի՝ հեռացվածներից 16,423-ը կազմում են ռազմական հաստատությունների կուրսանտները , իսկ 3,665-ը ԶՈւ անձնակազմից են:

Գեն. Սպա Ենթ. Շրք.
Ցամաք. 87 1184 446 539
ՌԾՈւ 31 194 125 8
ՌՕՈւ 32 566 173 *
Ընդհ. 150 1944  744  547

* Նախարարը չի նշել ռազմաօդային ուժերից հեռացված շարքայինների / քաղաքացիականների թիվը, որը կարող է հասնել մինչև 280 հոգու:

Բացի այդ ևս ԶՈւ անձնակազմից ևս 2855-ի հարցաքննման գործընթացները դեռևս շարունակվում են:

Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո հետաքննության արդյունքում երկրի զինված ուժերից հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

Պլանավորվում է նաև 200 պայմանագրային սպա և 500 պայմանագրային ենթասպա ընդունել երկրի ԶՈւ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն՝ «բոսորագույն բերետավորների» (Bordo Bereliler) ստորաբաժանումներ:

Նշենք նաև, որ նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը սկսել է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթացը։ Դիմելու իրավունք ունեն 28 տարին լրացած Թուրքիայի քաղաքացիները:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: