2016-ի վերջին թուրքական «Անքա» ԱԹՍ-ն կարող է համալրվել տեղական հրթիռով

Թուրքիան նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել թուրքական TÜBİTAK SAGE ինստիտուտի նախագծած «օդ-մակերևույթ» դասի «Բոզոք» հրթիռների փորձարկումները և դրանցով սպառազինել թուրքական «Անքա» ԱԹՍ-ները: Հարվածային ԱԹՍ-ները կօգտագործվեն «ահաբեկիչների դեմ պայքարում»: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Թուրքական արտադրության Անքա ԱԹՍ

Թուրքական արտադրության Անքա ԱԹՍ

Թուրքական թեմատիկ Kokpit.aero կայքի հաղորդմամբ՝ թուրքական մյուս ԱԹՍ-ները՝ «Բայրաքթարը» և «Քարայելը» նախատեսվում է սպառազինել MAM-L հրթիռներով, որոնք նույնպես թուրքական են: Սակայն այս ծրագրի համար ժամկետներ չեն նշվում:

Հիշեցնենք՝ անցյալ տարի Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ «Անքա» հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը նախատեսվում է սկսել 2016-ից:

«Բոզոք» հրթիռները համալրված են լազերային ուղորդման համակարգով և նախատեսված են մինչև 6 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների ոչնչացման համար։ Մեկ հրթիռի զանգվածը 16 կգ է, իսկ երկարությունը՝ 79 սմ (բազային «Անքա» ԱԹՍ-ի օգտակար բեռնատարողությունը շուրջ 200 կգ է՝ ներառյալ ռադարները, տեսախցիկները և այլն)։

MAM-L հրթիռները նույնպես համալրված են լազերային ուղղորդման համակարգով և նախատեսված են մինչև 8 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Հրթիռները զանգվածը 22,5 կգ է, այդ թվում մարտագլխիկը՝ 10 կգ:

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ԹԱԻ ընկերությունը հայտարարել էր, որ «Անքա»-ի հիմքի վրա նախատեսված է ստեղծել դրա մեկ այլ տարբերակ, որն ըստ նախնական տեղեկությունների պետք է կշռի 4 տոննա ու զինված է լինելու «Ռոքեթսան» ընկերության՝ 25 կգ կշռող MAM հրթիռներով՝ վերածելով այն հետախուզական և հարվածային Անքա+Ա (Anka+A) ԱԹՍ-ի։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի «անհետաձգելի» կարիքները բավարարելու նպատակով 2015-ի ապրիլի 28-ին էր հայտարարել հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մրցույթ։ Սա այն բանից հետո, երբ տարիների բանակցությունների արդյունքում թուրքական կողմը չկարողացավ ԱՄՆ-ից ձեռք բերել General Atomics ընկերության նախագծած Predator B (Reaper) հարվածային ԱԹՍ-ներ:

«Անքա»-ի բազային տարբերակը՝ հետախուզական ԱԹՍ-ն, արտադրում զբաղվում է թուրքական TAI ընկերությունը։ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ դրանք ստեղծելու և մշակելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության և TAI ընկերության միջև։ Հարվածային տարբերակը կրկին նույն ընկերությունն է արտադրելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *