Թուրքիան մտադիր է «Անքա» ԱԹՍ-ները սպառազինել տեղական արտադրության հրթիռներով

Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ նախատեսվում է «Անքա» ԱԹՍ-ն սպառազինել թուրքական TÜBİTAK SAGE ընկերության արտադրության «օդ-մակերևույթ» դասի «Բոզոք» հրթիռներով և նոր «Անքա-Ս» ԱԹՍ-ի սերիական արտադրությունը սկսել 2016-ից։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը։

Անքա ԱԹՍ

Անքա ԱԹՍ

Նշվում է, որ թուրքական TÜBİTAK SAGE ընկերության նախագծած «Բոզոք» հրթիռները համալրված են լազերային ուղորդման համակարգով և նախատեսված են մինչև 6 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների ոչնչացման համար։ Մեկ հրթիռի զանգվածը 16 կգ է, իսկ երկարությունը՝ 79 սմ (Նշենք, որ բազային «Անքա» ԱԹՍ-ի օգտակար բեռնատարողությունը շուրջ 200 կգ է՝ ներառյալ ռադարները, տեսախցիկները և այլն)։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ԹԱԻ ընկերությունը հայտարարել էր, որ «Անքա»-ի հիմքի վրա նախատեսված է ստեղծել դրա մեկ այլ տարբերակ, որն ըստ նախնական տեղեկությունների պետք է կշռի 4 տոննա ու զինված է լինելու «Ռոքեթսան» ընկերության՝ 25 կգ կշռող MAM հրթիռներով՝ վերածելով այն հետախուզական և հարվածային Անքա+Ա (Anka+A) ԱԹՍ-ի։

Տեղին է նշել նաև, որ Թուրքիան դեռևս չունի հարվածային ԱԹՍ-ներ։ 2011 թվականից Թուրքիան ամերիկյան General Atomics ընկերության նախագծած Predator B ԱԹՍ-ի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ էր տանում, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցությունները դրական արդյունք չունեցան։

Ավելացնենք, նաև, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի «անհետաձգելի» կարիքները բավարարելու նպատակով ապրիլի 28-ին հայտարարել էր հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մրցույթ։

Հավելենք, որ «Անքա» հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է թուրքական TAI ընկերությունը։ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ դրանք ստեղծելու և մշակելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության և TAI ընկերության միջև։

«Անքա Ա-ն» առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ավարտական փորձարկումներն անցել է 2013 թվականի հունվարին։ Սարքի նոր տեսակի՝ «Անքա Բ-ի» (Anka Block B) նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականին, սարքն առաջին թռիչքը կատարել է 2015 թվականի հունվարի 30-ին։

Հավելենք նաև, որ TÜBİTAK SAGE-ը դեռևս 1963-ին հիմնադրված «Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական ուսումնասիրությունների կազմակերպության» ( TÜBİTAK ” Türkiye Bilimsel ve Teknolojik Araştırma Kurumu) կողմից 1972 թվականին հիմված «Պաշտպանական արդյունաբերության հետազոտությունների և զարգացման ինստիտուտի» (SAGE ” Savunma Sanayii Araştırma ve Geliştirme Enstitüsü ) ընկերությունն է, որը զբաղվում է Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների զինված ուժերի համար ռազմարդյունաբերական արտադրանքների նախագծման և արտադրության աշխատանքներով։

Նշենք նաև, որ ընկերությունը մասնակցել է 2015-ի մայիսի 5-8-ը Ստամբուլում անցկացված IDEF-2015 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ մասնավորապես ցուցադրել է սեփական արտադրության «Բոզոք» հրթիռները, որոնցով նախատեսվում է սպառազինել «Անքա» ԱԹՍ-ն։

2 responses to “Թուրքիան մտադիր է «Անքա» ԱԹՍ-ները սպառազինել տեղական արտադրության հրթիռներով

  1. Pingback: Թուրքական արտադրության «Անքա Ա» ԱԹՍ-ն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը | Ռազմ.info

  2. Pingback: 2016-ի վերջին թուրքական «Անքա» ԱԹՍ-ն կարող է համալրվել տեղական հրթիռով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *