Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի «անհետաձգելի» կարիքները բավարարելու նպատակով ապրիլի 28-ին հրապարակել է հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մրցույթ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊԱԳՎ կայքը։
Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վաչության կայքում անգլերենով հրապարակված «Տեղեկությունների տրամադրման հարցում» փաստաթղթում նշվում են պայմանները, որոնց անհրաժեշտ է բավարարել՝ Թուրքիայի ԶՈւ MALE և HALE տեսակների հարվածային ԱԹՍ-ների գնման մրցույթին մասնակցելու համար։
Փաստաթղթի լրացման և նշված անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման վերջնաժամկետը նշվում է 2015-ի մայիսի 11-ը։ Թուրքիայի ՊԱԳՎ-ն պարտավորվում է ստացված հայտերի պատասխանները տրամադրել մինչև 2015-ի մայիսի 25-ը։
Նշենք, որ դեռևս 2011 թվականից Թուրքիան ամերիկյան General Atomics ընկերության նախագծած Predator B ԱԹՍ-ի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ էր տանում, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցությունները դրական արդյունք չունեցան։
Հետագայում նշվում էր, որ նախատեսվում է թուրքական ռազմարդյունաբերական ԹԱԻ ընկերության կողմից նախագծված «Անքա» հետախուզական ԱԹՍ-ն համալրել «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Մըզրաք-Ու» հրթիռներով՝ այն վերածելով հարվածային ԱԹՍ-ի։ Սակայն այս ծրագիրը շոշափելի հաջողությունների դեռ չի հասել, ինչի պատճառով էլ, հավանաբար, հայտարարվել է մրցույթը:
Ավելացնենք, որ թուրքական զինուժի համար գնվող ԱԹՍ-ների պայմանների մասին մանրամասներ չեն տրվում, միայն նշվում է, որ դրանք պիտի լինեն MALE (Medium Altitude Long Endurance ” Թռիչքի միջին առաստաղով և երկար աշխատաժամանակով) և HALE (High Altitude Long Endurance ” Թռիչքի բարձր առաստաղով և երկար աշխատաժամանակով) տեսակների:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 26 ապրիլի-2 մայիսի 2015 | Ռազմ.info
Pingback: Թուրքիան մտադիր է «Անքա» ԱԹՍ-ները սպառազինել տեղական արտադրության հրթիռներով | Ռազմ.info
Pingback: 2016-ի վերջին թուրքական «Անքա» ԱԹՍ-ն կարող է համալրվել տեղական հրթիռով | Ռազմ.info