Վրաստանի ՊՆ-ն ու ԶՈւ ԳՇ պետը բացատրել են, թե ինչու Վրաստանը չի մասնակցում «Anakonda 2016»-ին

Վրաստանում շարունակվում են քննարկվել Լեհաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ «Anakonda 2016» զորավարժությանը վրաստանյան զորախմբի չմասնակցելու հարցը: Հունիսի 11-ին առաջին անգամ զորավարժությանը պաշտոնապես անդրադարձավ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Վերջինս նշել էր, որ թեև երկար են սպասել այդ զորավարժությանը, բայց ստեղծվել է անցանկալի իրադրություն: «Ստորաբաժանումն ամբողջովին պատրաստ էր, բայց հանկարծակի զինծառայողներից մեկի ընտանիքում երեխան հիվանդացավ ջրծաղիկով, իսկ զինծառայողն այն տարածեց վաշտում: Դրա մասին մենք իմացանք զորավարժության մեկնարկից 2-3 օր առաջ: Մեր ստորաբաժանումը պիտի մասնակցեր վարժանքներին ամերիկյան գումարտակի կազմում, և մենք որոշեցինք չվտանգել մեր գործընկերներին: Վրաստանյան վաշտը չի մասնակցելու զորավարժությանն այս տարի», — հայտարարել էր Կապանաձեն:

Նույն օրը Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն հայտարարեց, որ նախագահն առաջիկա Ազգային անվտանգության խորհրդում պաշտպանության նախարարից և գլխավոր շտաբի պետից կպահանջի մանրամասն հաշվետվություն զորավարժությանը չմասնակցելու մասին:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Որոշ ժամանակ անց, Վրաստանի ՊՆ-ն հրապարակեց պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի ծավալուն հայտարարությունը, որտեղ կետ առ կետ նշված էր, թե ինչու վրաստանյան վաշտը չի մասնակցում:

Խիդաշելին իր հայտարարությամբ վստահեցրել է, որ լոգիստիկայի կամ ինչ-որ բան չհասցնելու խնդիր չի եղել: «Թռիչքը պլանավորված էր, Լեհաստանում օդանավակայանն ամրագրված է եղել և այլն»:

Պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ քանի որ մյուսներին վարակելու ռիսկը բավական մեծ է եղել, որոշվել է չեղարկել մասնակցությունը: «Ցավոք, բժիշկները ճիշտ էին, այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատվել է 7 դեպքի մասին»:

«Հիվանդության մասին մենք նույն րոպեին տեղեկացրել ենք մեր գործընկերներին՝ ամերիկացիներին, լեհերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ին… մենք չէինք կարող փոխել վաշտը, քանի որ դրա համար ժամանակ չկար: Չէին կարող նաև նրանց փոխարինել, քանի որ այդ զորավարժությունը բոլոր վաշտերի համար չէր նախատեսված: Դրան մասնակցելու համար ուղարկվելու էր OCC (Operational Capability Concept): Սա մի հարթակ է, որտեղ մասնակցում են մեր 2 վաշտերը: Դրանցից մեկը «Ալֆան» է, որն արդեն ՆԱՏՕ արձագանքման ուժերի (NRF) հավաստագրում է անցել: Մյուսը «Չառլին» է, որի վարժանքների շրջանը դեռ չի ավարտվել: Վատ է, որ նրանք ստիպված էին այս զորավարժությունը բաց թողնել, բայց գործընթացը կշարունակվի սովորականի պես», — նշել է Խիդաշելին:

Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարությամբ անդրադարձել է նաև այն խոսակցություններին և ռուսաստանյան լրատվամիջոցներում այն հրապարակումներին, թե «Վրաստանին խորհուրդ են տվել չմասնակցել զորավարժությանը և Վարշավայի գագաթաժողովից առաջ ավելի չգրգռել Ռուսաստանին», նշելով. «վրաստանցիներին չթողնելը կամ խորհուրդները վրացիներին չմասնակցել զորավարժությանը, լիակատար սուտ է և ռուսաստանյան քարոզչության հերթական գլուխգործոցներից մեկը: Գեներալը և երկու ուղղության հրամանատարաները (Նկատի ունի ԳՇ պետի և Արևմտյան և Արևելյան հրամանատարության հրամանանատարներին — Razm.info) մեկնելու են «Anakonda» զորավարժությանը մասնակցելու»:

Հունիսի 10-ին ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվակայքը, հղում անելով վրաստանյան դիվանագիտական իր աղբյուրին, գրել էր, որ «եվրոպական հեղինակավոր կառավարություններից մեկը Մոսկվայի հետ բանակցելուց հետո խնդրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը «փակել դարպասները» վրաստանցի զորախմբի համար: Լրատվամիջոցի «զրուցակցը» տեղեկությունը բացատրել է նրանով, որ «ՌԴ-ի հետ սահմանին հազարավոր զինծառայողների մասնակցությամբ ռազմական վարժանքներն առանց այն էլ գրգռում են Ռուսաստանին և պետք չէ հավելալ գրգռել նրան Վրաստանի պատճառով»:

Խիդաշելին անդրադարձել է նաև ԱԱԽ նիստում հնարավոր քննարկմանը, նշելով. «Անշուշտ, ես միշտ պատրաստ եմ գլխավոր հրամանատարին ցանկացած տեսակի զեկույց ներկայացնել, բայց ցանկանում եմ միանշանակ հայտարարել հանրությանը, որ նախագահի ներկայությամբ ԱԱԽ քարտուղարին ներկայացրել եմ ամբողջական տեղեկատվությունը: Ես այլևս որևէ գաղտնի բան չունեմ փակ դռների հետևում ասելու համար»:

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը Նկարը՝ ԱՄՆ բանակի պաշտոնական կայքի

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը
Նկարը՝ ԱՄՆ բանակի պաշտոնական կայքի

Հիշեցնենք, որ Հունիսի 9-ին վրաստանյան «Interpressnews.ge» լրատվական գործակալությունը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել էր, որ Լեհաստանում անցկացվող «Anakonda-2016» զորավարժությանը Վրաստանը չի մասնակցելու:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Լեհաստանում մեկնարկել է լայնասշտաբ միջազգային զորավարժություն, որին մասնակցում է 24 պետություն, 31 հազար զինծառայող: Վրաստանի մասնակցության մասին հայտնի էր դարձել ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության պաշտոնական հաղորդագրությունից: Ըստ դրա՝ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում:

One response to “Վրաստանի ՊՆ-ն ու ԶՈւ ԳՇ պետը բացատրել են, թե ինչու Վրաստանը չի մասնակցում «Anakonda 2016»-ին

  1. Pingback: Վրաստանի ԶՈւ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» վարժանքների փակման փուլին (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *