Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հունիսի 11-ին ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էլգասիմ Վեյնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ին խաղաղապահ առաքելություններում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Մենք փորձում ենք ճշտել ՄԱԿ-ի կարիքները և հստակեցնել մեր հնարավորությունները: Վրաստանի ՊՆ-ն և ԶՈւ-ն պատրաստ են այդ կազմակերպության հետ փորձի փոխանակում անել», — ասել է Խիդաշելին:
Առաջին անգամ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու Վրաստանի պատրաստակամության մասին 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում այդ կազմակերպության խաղաղապահությանը նվիրված մեծ գագաթաժողովի ժամանակ հայտարարել էր այն ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանն այժմ 870 հոգանոց զորախումբ ունի Աֆղանստանում, ովքեր մասնակցում են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Զինված ուժերից 5 հոգանոց խորհրդատու խումբը մասնակցում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ԵՄ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությանը: Վրաստանցի 1 սպա էլ դարձյալ ԵՄ-ի առաքելության ներքո ծառայում է Մալիում:
2015 թվականի հոկտեմբերից էլ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան նշանակվեց Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության (United Nations Assistance Mission in Afghanistan — UNAMA) ռազմական ավագ խորհրդատուի պաշտոնում։