Բելառուսի տարածքային պաշտպանության ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություն են անում

Հունիսի 13-ից Բելառուսի զինված ուժերի պատրաստման 2015-2016 թթ պլանի համաձայն՝ Գրոդնենսկի շրջանում երկրի տարածքային պաշտպանության ուժերի համար անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ:  Այս մասին տեղեկացնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

176_1

Ըստ Բելառուսի ՊՆ պաշտոնաթերթի՝ «Տարածքային պաշտպանությունը» Բելառուսի պաշտպանական միջոցներից մեկն է, որն իրականացվում է պետական մարմինների, կառույցների, տարածքային զորքերի և զինված ուժեի հետ համատեղ: Տարածքային պաշտպանության նպատակներից է երկրի պաշտպանությանը համապետական բնույթ տալ: Խնդիրներն են՝ պաշտպանել տարածքային պաշտպանության ենթակառուցվածքները, ԶՈւ-ի հետ համատեղ ռազմական ագրեսիայի դեմ պայքարել, առանձին մարտական խնդիրներ կատարել և այլն:

Տարածքային պաշտպանության 7 շրջան կա, որոնք համապատասխանում են այդ երկրի 6 շրջաններին և առանձին նաև Մինսկ քաղաքը: Այդ 7 շրջանները կառավարում են տեղական ինքնակառավարման մարմինները: Ռազմական դրության ժամանակ ղեկավարում է ԶՈւ գլխավոր շտաբը: Տարածքային պաշտպանության ուժերը ենթարկվում են երկրի նախագահին, ով նաև ԶՈւ գերագույն հրամանատարն է: Տարածքային պաշտպանության ուժերը համալրվում են այդ շրջանների բնակիչներով, ովքեր պիտանի են զինվորական ծառայության:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարժանքներն անցկացվելու են 2 փուլով: Հիմնական նպատակն է կազմակերպել ենթակա ուժերի գործունեությունը և կառավարել այն ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում:

Պարապմունքների ընթացքում մասնակիցները պիտի կարողանան կազմակերպել տարածքային պաշտպանության ենթակառուցվածքների պաշտպանությունը, պայմանական զինված խմբավորումների շրջափակում և ոչնչացում կատարել:

Հաղորդվում է, որ վարժանքներին մասնակցում են Արևմտյան օպերատիվ հրամանատարության զորամասերը, հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, ԶՈւ հատուկ գործողությունների ուժերը, ինչպես նաև ուժային մյուս բոլոր կառույցները: Հատուկ ուշադրություն է դարձվելու հատկապես տարբեր տեսակի ուժերի փոխգործակցությանը:

Բելառուսի ՊՆ-ն տեղեկացնում է նաև, որ հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 2100 հոգի և ավելի քան 70 միավոր տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *