Վրաստանյան լրատվամիջոցներ. «Վրաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Anakodna 2016» զորավարժությանը»

Հունիսի 9-ին վրաստանյան «Interpressnews.ge» լրատվական գործակալությունը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ Լեհաստանում անցկացվող «Anakonda-2016» զորավարժությանը Վրաստանը չի մասնակցելու: Խնդիրն այն է, որ մասնակցող զորախմբից 2 զինծառայող հիվանդ են ջրծաղիկով:

«Anakonda-2016» զորավարժության մասնակիցները

«Anakonda-2016» զորավարժության մասնակիցները

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ զորավարժությանը մասնակցելու էր 4-րդ մեխանիզացված բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ հետևակային վաշտը, սակայն զինծառայողներից 2-ը վարակվել են ջրծաղիկով: Վրաստանի գլխավոր շտաբը որոշել է չվտանգել զորավարժության մյուս մասնակիցներին և Լեհաստան չուղարկել իր զորախմբին:

Հարկ է նշել, որ ընդամենը 1 օր առաջ վրաստանյան «Новости-Грузия» լրատվակայքը, դարձյալ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը հայտնել էր, որ Վրաստանը զորավարժությանը մասնակցում է որպես դիտորդ: «Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Արևմտյան հրամանատարության հրամանատար Շալվա Ջաբախիձեն և Արևելյան հրամանատարության հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Մաթիաշվիլին մասնակցելու են որպես դիտորդ: Նրանք Լեհաստան կգնան հունիսի 17-ին», — հաղորդել էր լրատվամիջոցը:

Այժմ պարզվում է, որ Վրաստանը պետք է ներգրավված լիներ մեկ վաշտով և ոչ որպես դիտորդ: Նշենք, որ այս զորավարժության մեկնարկից մինչ օրս Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Վրաստանի մասնակցության մասին:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ էլ, հղում անելով լեհաստանյան PAP լրատվական գործակալությանը, հայտնում են, որ «Վարշավան պաշտոնական բացատրություն է պահանջում Թբիլիսիից ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» զորավարժությանը չմասնակցելու մասին»: Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդման՝ այդ մասին հայտարարել է Լեհաստանի զինված ուժեի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պյոտր Վալատեքը:

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը Նկարը՝ ԱՄՆ բանակի պաշտոնական կայքի

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը
Նկարը՝ ԱՄՆ բանակի պաշտոնական կայքի

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Լեհաստանում մեկնարկել է լայնասշտաբ միջազգային զորավարժություն, որին մասնակցում է 24 պետություն, 31 հազար զինծառայող: Վրաստանի մասնակցության մասին հայտնի էր դարձել ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության պաշտոնական հաղորդագրությունից: Ըստ դրա՝ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում:

Վարժանքներին ներգրավված է նաև 3000 միավոր զինտեխնիկա, 105 միավոր ինքնաթիռ, 12 նավ: Զորավարժության հրամանատարը Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարեկ Տոմաշևսկին է:

Զորավարժությանն արդեն պաշտոնապես արձագանքել են Ռուսաստանն ու Բելառուսը՝ նշելով, որ այն չի նպաստում վստահության մթնոլորտին և անվտանգությանը:

Տեղեկացնենք, որ Anakonda-ն Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության զորավարժություններից է, որն իրականացվում է 2006 թվականից ամեն 2 տարին մեկ: 2012 թվականինց վարժանքները մտան ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանի մեջ, նույն թվականին լեհաստանցի զինծառայողների հետ վարժանքներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ի և Կանադայի զինծառայողները: Արդեն 2014 թվականին մասնակցում էր 8 երկիր՝ 12500 զինծառայողով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *