Հունիսի 6-ին Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» լայնամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում է շուրջ 31 հազար զինծառայող, որից 12 հազարը Լեհաստանի զինված ուժերից: Վարժանքները տևելու են մինչև հունիսի 17-ը:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության պաշտոնական կայքը, զորավարժությանը ներգրավված է 24 պետություն՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Ալբանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հունգարիան, Կոսովոն, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան: Նշվում է, որ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում: Վրաստանի ՊՆ-ն վրաստանցիների մասնակցության մասին դեռւս որևէ հաղորդագրություն չի տարածել: Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ էլ իրենց հերթին հայտնում են, որ զորավարժությանը մասնակցում է նաև Ուկրաինան, դարձյալ «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում, սակայն պաշտոնական աղբյուրներում այս երկրի անունը բացակայում է:
Նշենք, որ վարժանքներին ներգրավված է նաև 3000 միավոր զինտեխնիկա, 105 միավոր ինքնաթիռ, 12 նավ: Զորավարժության հրամանատարը Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարեկ Տոմաշևսկին է:
Տոմաշևսկին զորավարժության վերաբերյալ հայտարարել է, որ կարևորը ոչ թե քանի զինծառայող է մասնակցում,այլ թե քանի երկիր: «Մեզ համար կարևոր է ոչ այնքան, թե քանի զինծառայող է մասնակցում, այլ թե քանի պետություն: Սա ցույց է տալիս քաղաքական ներգրավվածության մակարդակը: Զորավարժության քաղաքական կողմը նույնպես կարևոր է, ինչպես և ռազմականը»,— ասել է Տոմաշևսկին՝ հիշեցնելով, որ զորավարժությունն անցկացվում է հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, հաղորդում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկացնենք, որ Anakonda-ն Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության զորավարժություններից է, որն իրականացվում է 2006 թվականից ամեն 2 տարին մեկ: 2012 թվականինց վարժանքները մտան ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանի մեջ, նույն թվականին լեհաստանցի զինծառայողների հետ վարժանքներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ի և Կանադայի զինծառայողները: Արդեն 2014 թվականին մասնակցում էր 8 երկիր՝ 12500 զինծառայողով:
Pingback: Ռուսաստանն ու Բելառուսն անդրադարձել են Լեհաստանում մեկնարկած «Anakonda-2016» զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: Վրաստանը Լեհաստանում անցկացվող «Anakonda-2016» զորավարժությանը մասնակցում է որպես դիտորդ | Ռազմ.info