Վրաստանը Լեհաստանում անցկացվող «Anakonda-2016» զորավարժությանը մասնակցում է որպես դիտորդ

Լեհաստանում հունիսի 6-ից անցկացվող լայնամասշտաբ միջազգային «Anakonda-2016» զորավարժությանը, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մասնակցում է նաև Վրաստանը: Հունիսի 8-ին վրաստանյան «Новости-Грузия» լրատվակայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ Վրաստանի ԶՈւ հրամանատարությունը հրավիրված է զորավարժությանը որպես դիտորդ:

ԱՄՆ բանակի օդադեսանտային 173-րդ բրիգադի պարաշյուտիստները զորավարժության բացմանը

ԱՄՆ բանակի օդադեսանտային 173-րդ բրիգադի պարաշյուտիստները զորավարժության բացմանը

«Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Արևմտյան հրամանատարության հրամանատար Շալվա Ջաբախիձեն և Արևելյան հրամանատարության հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Մաթիաշվիլին մասնակցելու են որպես դիտորդ: Նրանք Լեհաստան կգնան հունիսի 17-ին», — հաղորդում է լրատվամիջոցը:

Երևում է՝ վրաստանյան պատվիրակությունը ներկա է լինելու զորավարժության միայն փակման արարողությանը: Հավելենք, որ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում:

Զորավարժության հայտարարված նպատակն է ստուգել Դաշինքի կարողություններն իր արևելյան թևին պաշտպանելու հարցում:
«Վարժանքների նպատակն է կանգնեցնել պոտենցիալ հակառակորդին, ցույց տալ այն հնարավորությունները, որ ունեն դաշնակիցները», — մեկնարկի արարողության ժամանակ հայտնել էր Լեհաստանի պաշտպանության նախարարը:

«Anakonda-2016» զորավարժության մասնակիցները

«Anakonda-2016» զորավարժության մասնակիցները

Դեսանտավորում ամերիկյան С-17 բեռնատար ինքնաթիռից

Դեսանտավորում ամերիկյան С-17 բեռնատար ինքնաթիռից

Հիշեցնենք, որ Լեհաստանում ՆԱՏՕ-ի լայնասշտաբ միջազգային զորավարժությանը մասնակցում է 24 պետություն՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Ալբանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հունգարիան, Կոսովոն, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Ռումինիան, Ուկրաինան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան: Վարժանքներին ներգրավված է նաև 3000 միավոր զինտեխնիկա, 105 միավոր ինքնաթիռ, 12 նավ: Զորավարժության հրամանատարը Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարեկ Տոմաշևսկին է:

Զորավարժությանն արդեն պաշտոնապես արձագանքել են Ռուսաստանն ու Բելառուսը՝ նշելով, որ այն չի նպաստում վստահության մթնոլորտին և անվտանգությանը:

Տեղեկացնենք, որ Anakonda-ն Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության զորավարժություններից է, որն իրականացվում է 2006 թվականից ամեն 2 տարին մեկ: 2012 թվականինց վարժանքները մտան ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանի մեջ, նույն թվականին լեհաստանցի զինծառայողների հետ վարժանքներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ի և Կանադայի զինծառայողները: Արդեն 2014 թվականին մասնակցում էր 8 երկիր՝ 12500 զինծառայողով:

2 responses to “Վրաստանը Լեհաստանում անցկացվող «Anakonda-2016» զորավարժությանը մասնակցում է որպես դիտորդ

  1. Pingback: Վրաստանյան լրատվամիջոցներ. «Վրաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Anakodna 2016» զորավարժությանը» | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի ՊՆ-ն ու ԶՈւ ԳՇ պետը բացատրել են, թե ինչու Վրաստանը չի մասնակցում «Anakonda 2016»-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *