Ադրբեջանն ինտենսիվորեն կրակել է առաջնագծում․ հայկական կողմի 2 քաղաքացի է վիրավորվել

Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում և ՊԲ պատասխանատվության գոտում, ինտենսիվորեն կիրառվել է ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներ և TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ:

Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից, նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Արցախում էլ արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:

ՊԲ հաղորդագրության համաձայն՝ մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ԱԳՍ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ):

Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 կայաններով շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ:

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:

One response to “Ադրբեջանն ինտենսիվորեն կրակել է առաջնագծում․ հայկական կողմի 2 քաղաքացի է վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *