Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի հետ Սու-30 կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրել: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
Իրանի պաշտպանության նախարարը չի հստակեցրել կործանիչների քանակը և հնարավոր գնման ժամկետները, բայց նշել է, որ իրենք քննարկելու են նաև կործանիչների արտադրության գործընթացին ներգրավվելու հնարավորությունը, ինչը նախատեսվում է ներառել գնման պայմանագրում:
Շեշտելով Իրանի և Սիրիայի համակամարտությունների և Սաուդյան Արաբիայից եկող սպառնալիքն իր երկրի համար՝ Հոսեյն Դեհղանը նշել է, որ Իրանը ներկայումս զբաղվում է իր ԶՈւ ավիացիան համալրելու, կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ և կարիք ունի ներգրավվել նաև արտադրության գործընթացին:
Իրանի պաշտապանության նախարարը նաև հերքել է լուրը, որ իրենք բանակցություններ են վարում Չինաստանի հետ` J-10 կործանիչներ գնելու համար:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել էր, որ իրանական կողմը քննարկում է Ռուսաստանից Տ-90 տանկեր գնելու հնարավորությունը: Սակայն 2016-ի փետրվարի 2-ին, նույն հրամանատարը հայտարարեց, որ Իրանը չի ցանկանում գնել Տ-90 տանկեր և մտադիր է սեփական տանկեր արտադրել Իրանում:
Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» հայտարարեց, որ իրենք պատրաստ են Տ-90Ս տանկերի արտադրություն կազմակերպել հենց Իրանում:
Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը:
Իսկ 2015-ի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 2016-ի հունվար-փետրվար ամիսներին և օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանը Իրանին կտրամադրի Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը:
Pingback: Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստան | Ռազմ.info
Pingback: Իրանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ չի գնի. Իրանի ՊՆ | Ռազմ.info