Շարունակվում է Իրանի ՌԾՈւ «Վելայաթ 94» լայնամասշտաբ զորավարժությունը

Իրանում շարունակվում է ռազմածովային ուժերի ծովային, ռազմաօդային և ցամաքային ստորաբաժանումների «Վելայաթ 94» զորավարժությունը: Իրանի ռազմածովային ուժերի դեսանտայինները վարժանքներն անցկացնում են Իրանի հարավ արևելքում գտնվող Մեքրանի ափերում և Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնում է իրանական «PressTv» լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություն Հորմուզի նեղուցում

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություն Հորմուզի նեղուցում

Զորավարժությունը սովորաբար ընթանում է մի քանի փուլով: Այս փուլում, իրանական ռազմածովային ուժերի ծովային հետևակի ստորաբաժանումները վարժանքների ընթացքում կասեցրել են պայմանական հակառակորդի առաջխաղացումը:

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունն իր հերթին հունվարի 28-ին հայտնել է, որ զորավաժության այս փուլում, որը կատարվում է երկրի ափերը պաշտպանելու մեխանիզմները փորձարկելու նպատակով, ըստ նախապես մշակված սցենարի` Իրանի ՌԾՈւ-ն հրետանու կրակով, «Շահաբ», «Ռաադ» և «Աշուրա» դասի ռազմանավերով,  բանակի հետախուզադիվերսիոն ուժերով կասեցրել է հակառակորդի ռազմանավերի առաջխաղացումը` ստիպելով նահանջել:

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վարժանքների ընթացքում ամերիկյան արտադրության Sikorsky SH-3d բազմանպատակային ուղղաթիռներով կասեցվել է պայմանական հակառակորդի սուզանավերի առաջխաղացումը:

Վարժանքներին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Նշվում է, որ զորավարժությունն ընդգրկում է ավելի քան 3 մլն քառակուսի կմ տարածք` Օմանի և Պարսից ծոցերի տարածքում` ներառյալ Հորմուզի նեղուցը:

«Վելայաթ 94» ծովային զորավարժությանը ներգրավված են Իրանի ՌԾՈւ տարբեր տեսակի ռազմանավեր: Զորավարժությանը մասնակցում են նաև Իրանի ռազմածովային ուժերի հետախուզական, ծովային հետևակի, ռադիոէլեկտրոնային պայքարի, բժշկական և դիվերսիոն ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ (կոնտր-ծովակալ), Հաբիբոլլահ Սայարին հայտարարել էր, որ հունվարի 27-ին Իրանի ՌԾՈւ-ն Պարսից ծոցի արևելյան հատվածում և Հորմուզի նեղուցում կանցկացնի «Վելայաթ-94» զորավարժությունը: Նշվում էր, որ զորավարժությանը ներգրավված ուժերը դիրքերը սկսել են զբաղեցնել հունվարի 21-ից:

4 responses to “Շարունակվում է Իրանի ՌԾՈւ «Վելայաթ 94» լայնամասշտաբ զորավարժությունը

  1. Pingback: Առաջիկա ամիսներին Իրանի ՌԾՈւ-ն կանցկացնի մոտ 20 զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Մինչև 2017թ. գարուն Իրանի ՌԾՈւ ընթացիկ տարվա վարժանքների թիվը կհասնի 25-ի | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը տեղական արտադրության ռադարային համակարգ, ուղղաթիռ և նավ կներկայացնի | Ռազմ.info

  4. Pingback: Իրանի ՌԾՈւ զորավարժությանը կներկայացվի նոր սպառազինություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *