Հունվարի 28-ին Սիրիայի Ջերաբլուս քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) գրոհայինները կրակել են թուրք-սիրիական սահմանագծին մոտ տարածքում ականազերծման աշխատանքներ կատարող թուրքական զինծայողների ուղղությամբ, սկսված փոխհրաձգության հետևանքով թուրքական կողմի տվյալներով սպանվել է ԻՊ 5 գրոհային: Այս մասին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական զինծառայողները արդեն 10 օր է ականազերծման աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) նահանգի Քարքամըշ գավառի` Սիրիային սահմանակից շրջաններում` այդ տարածքում սահմանային բետոնե ամրություններ կառուցելու նպատակով:
ԻՊ գրոհայինները կրակել են Քարքամըշի հանդիպակաց սիրիական կողմում տեղակայված Ջերաբլուս քաղաքի տարածքից:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ փոխհրաձգության արդյունքում սպանվել է 5 ԻՊ գրոհային, թուրքական զինծառայողները կորուստներ չեն ունեցել:
Նշենք, որ ներկայումս Սիրիայի և Իրաքի տարածքների հսկայական հատվածը վերահսկող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր շարքերը համալրում է մասնավորապես նաև Թուրքիայից Սիրիա անցնող զինյալներով, իսկ բացի դրանից` Թուրքիայի տարածքով ահաբեկիչները ներթափանցում են նաև Եվրոպա: ԻՊ-ն նաև Թուրքիայի տարածքով է արտահանում, ինչպես նաև հենց Թուրքիայում վաճառում Սիրիայից և Իրաքից արդյունահանած նավթը, ինչն այդ կառույցի հիմնական եկամտի աղբյուրներից մեկն է:
Թուրքիայի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ֆիզիկապես չեն կարող վերահսկել թուրք-սիրիական սահմանի հսկայական հատվածն ամբողջությամբ: Այս հանգամանքն օգտագործվել է իբրև պատրվակ` այդ կառույցի հետ համագործակցությունը ծածկելու համար:
Սակայն վերջին շրջանում եվրոպայում տարածում գտած ահաբեկչական գործողություններից հետո Թուրքիայի առջև պահանջ դրվեց փակել Սիրիայի հետ սահմանի անվերահսկելի մասերը:
2015-ի դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը` ահաբեկիչների մուտքը կանխարգելելու համար։ Այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել, որ Սիրիայի հետ սահմանի մի շարք հատվածներում բետոնե ամրություններ են կառուցվում:
Սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ Թուրքիան անցնում է Սիրիայի հետ սահմանը և բետոնե ամրություններ ու խրամատներ է կառուցում այդ երկրի սահմանների ներսում` փորձելով առիթն օգտագործել իր վերահսկողությունը սահմանելու և Սիրիայի տարածքում ամուր դիրքեր ստեղծելու համար: ԻՊ-ից զատ, Թուրքիան Սիրիայի հետ սահմանին առավել լուրջ խնդիրներ է տեսնում քրդական PYD-ի հետ` փորձելով այդ կառույցին զրկել Սիրիայի հյուսիսում ստացած դիրքային և տարածքային ամրություններից:
Սիրայի հարցում թուրքական կողմի առաջնահերթությւններն ընդգծվել էին նաև հունվարի 27-ի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյուքնում տարածված արձանագրությունում: Նշվել էր, որ «Սիրիայի ապագայի կառուցման հարցում» պետք է բացառել ԻՊ-ի, գործող իշխանությունների, ինչպես նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) դերակատարությունը:
Pingback: ԻՊ գրոհայինները և Թուրքիայի զինծառայողներն իրար վրա կրակել են թուրք-սիրիական սահմանին | Ռազմ.info