Յուրի Խաչատուրովը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության քննարկմանը

Հունվարի 21-ին Բրյուսելում անցկացվել է ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի նիստը, որի ժամանակ քննարկվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպումը

ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպումը

Նիստին մասնակցել է նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով Բրյուսել է մեկնել նույն օրը ավելի վաղ, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Գլխավոր շտաբերի պետերը քննարկել են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակը, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016թ. կոալիացիայի նպատակները, առաքելության հաջորդ փուլերի պլանավորման նկատառումներն ու սկզբունքները:

Նույն նիստով ՆԱՏՕ-ն պատրաստվել է պետությունների պաշտպանության նախարարների՝ փետրվարին նախատեսված նիստին ու ՆԱՏՕ-ի՝ հուլիսին նախատեսված Վարշավայի գագաթաժողովին:

Դեկտեմբերին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Աֆղանստանի ուժայիններին մարզելու «Վճռական աջակցություն» ծրագիրը երկարաձգում է մինչև 2016-ի ավարտը: ՆԱՏՕ-ի ինչպես «Վճռական աջակցություն», այնպես էլ դրան հաջորդելիք «Տևական գործընկերություն» առաքելություններին մինչև վերջ մասնակցելու իր հանձնառությունը Հայաստանը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ արտգործնախարարի միջոցով:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, դրա հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ. ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *