ԱՄՆ-ն և Թուրքիան նոր գործողություններ են ծրագրում ԻՊ-ի դեմ

ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայի Ջերաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու համար համատեղ ծրագիր են մշակում, որը կարող է ներառել նաև ցամաքային գործողություններ։  Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնում է Թուրքիայի իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Նոր ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն և Թուրքիան իրականացնելու են ավիացիոն համատեղ գործողություններ, որին թուրքական կողմից մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ-ի՝ Դիարբեքիրի և Մալաթիայի ռազմաբազաների կործանիչներ ու Բաթմանում տեղակայված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Նախատեսված է գործողությունն իրականացնել 60 ինքնաթիռով։

Գործողություններին մասնակցելու է նաև ԱՄՆ-ի  օդուժը։

Նշենք, որ ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին 6 միավոր F-15C կործանիչ է ուղարկել Թուրքիայի հարավային Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազա։ Գործողությունից առաջ «Ինջիլիքում» տեղակայվել է նաև 12 միավոր KC-135 բազմաֆունկցիոնալ բեռնատար ինքնաթիռը։ Բացի այդ, ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու են նաև ԱՄՆ օդուժի 4 ԱԹՍ։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, սակայն, որ իրենք ցամաքային գործողությունների կանցնեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ էլ դրանց մասնակցի։ Երկու կողմերն էլ ցամաքային գործողությունների համար հնարավոր ծրագրեր են մշակել։

Հիշեցնենք, որ նույն թեմայով նոյեմբերի 9-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան CNN լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարկավոր է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի երկրների հետ քննարկել թուրք-սիրիական սահմանին զորքեր տեղակայելու հարցը, ինչպես նաև մշակել համակողմանի ռազմավարություն, որը պետք է ներառի օդային և ցամաքային գործողություններ։ Իսկ նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան, «Ինջիրլիքից» բացի, ԻՊ-ի դեմ գործողությունների համար կարող է տրամադրել նաև այլ ռազմաբազաներ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *