Թուրքիան կոչ է անում ստեղծել ԻՊ դեմ պայքարի համակողմանի ռազմավարություն

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան CNN լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել թուրք-սիրիական սահմանին զորքեր տեղակայելու հարցը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։

Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տալի CNN-ին։

Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տալիս CNN-ին։

Ըստ Դավութօղլուի՝ հարկավոր է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի երկրների հետ քննարկել զորքեր տեղակայելու հարցը, ինչպես նաև մշակել համակողմանի ռազմավարություն, որը պետք է ներառի օդային և ցամաքային գործողություններ։

«Թուրքիան, սակայն, չի կարող միայնակ տանել այս ծանրությունը։ Եթե կա կոալիցիա և լավ մշակված համակողմանի ռազմավարություն, Թուրքիան պատրաստ է մասնակցել բոլոր իրադարձություններին», — ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անցկացված ֆորումի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ ԻՊ-ն սպառնալիք է Թուրքիայի համար, և հայտնել, որ իրենք ռազմական գործողություններ են իրականացնելու ԻՊ-ի դեմ և պայքարելու են մերձավորարևելյան տարածաշրջանը ԻՊ-ի ահաբեկիչներից մաքրելու համար: Նա նաև հայտնել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ կազմվել է հատուկ գործողությունների նախագիծ, որը իրականցվելու է մոտ ապագայում:

Նշենք նաև, որ ԻՊ-ի դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի կեսերին՝ այն բանից հետո, երբ կազմակերպության զինյալները հսկայական տարածքներ գրավեցին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:

Վերջիններիս դեմ պայքարում են ինչպես համապատասխանաբար Իրաքի և Սիրիայի կառավարկան ուժերը, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգեի ուժերը, այնպես էլ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հորդանանը, Ավստրալիան, Կանադան և այլ երկրներ:

Իսկ այս տարվա սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ և այլ ահաբեկչական կազմակերպությունների դիրքերին:

Սակայն կողմերը չեն համատեղում  իրենց ուժերը, իսկ երբեմն էլ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին՝ այս կամ այն կազմակերպությանը գաղտնի օժանդակելու համար:

One response to “Թուրքիան կոչ է անում ստեղծել ԻՊ դեմ պայքարի համակողմանի ռազմավարություն

  1. Pingback: Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են ամբողջապես փակել թուրք-սիրիական սահմանը. ԱՄՆ պետքարտուղար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *