Թուրքիան պատրաստ է նոր ռազմաբազաներ տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարի համար․ Էրդողան

Նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան, «Ինջիրլիքից» բացի, ԻՊ-ի դեմ գործողությունների համար կարող է տրամադրել նաև այլ ռազմաբազաներ։  Այս մասին հայտնում է թուրքական Հյուրիյեթ թերթը։

PYD անդամներ

PYD անդամներ

«ԻՊ-ն ներառյալ, բոլոր ահաբեկչական կազմակերպություները սպառնալիք են Թուրքիայի համար, այդ պատճառով Թուրքիան թե՛ միայնակ, թե՛ կոալիցիայի կազմում պայքարում է նրանց դեմ», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նա նաև նշել է, որ թուրքական իշխանություններն աշխատում են նաև ցամաքային գործողությունների իրականացնելու համար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

Նույն թեմայով նոյեմբերի 9-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան CNN լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարկավոր է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի երկրների հետ քննարկել թուրք-սիրիական սահմանին զորքեր տեղակայելու հարցը, ինչպես նաև մշակել համակողմանի ռազմավարություն, որը պետք է ներառի օդային և ցամաքային գործողություններ։

Էրդողանը անդրադարձել է նաև Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գործողություններին և հայտնել է, որ իրենք կանեն ամեն ինչ, որ «ոչ ոք չանցնի Եփրատի արևմտյան մաս»։

«Ոչ ոք չի կարող անցնել Եփրատի արևմտյան մաս։ Նրանք, ովքեր համարձակություն են ունեցել անցնել, ստացել են իրենց արժանի պատասխանը։ Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվի։ Դա պետք է իմանան ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը։

Անցած ամիս նմանատիպ հայտարարություն էր արել նաև վարչապետ Դավութօղլուն։  Հոկտեմբերի 25-ին, PYD մեղադրել էր Թուրքիայի զինված ուժերին՝ իրենց վերահսողության տակ անցած Թել Աբյադ և Քոբանի քաղաքներում քրդական ուժերի վրա կրակելու համար։ Իսկ հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք ուշադրությամբ հետևելու են, որ քրդական ուժերի վերահսկողությունը չանցնի Եփրատի արևմտյան ափ, ու հավելել, որ իրենք կհարվածեն քրդերին այն պահին, երբ տա տեղի ունենա։ Դավութօղլուն, հաստատելով PYD-ի նախորդ օրվա հայտարարությունը, ընդգծել էր, որ իրենք արդեն 2 անգամ հարվածել են նրանց։

Հարկ է նկատել, որ Թուրքիային անհանգստացնում է PYD-ի վերահսկողության տարածումը Եփրատից արևմուտք, քանի որ Եփրատից արևելք՝ Սիրիայի հյուսիսն ամբողջության քրդերի ձեռքում է։ PYD-ի վերահսկողության հնարավոր ընդլայնումը դեպի արևմուտք կհանգեցնի նրան, որ Թուրքիան կկորցնի Սիրիայի արաբաբնակ հատվածների հետ ցամաքային կապը։ Քարտեզում նշված ենթադրյալ «անվտանգ գոտին» հենց այն հատվածն է, որով Թուրքիան ցամաքային կապ է պահում Սիրիայի զինյալների հետ, դրանից արևելք և արևմուտք ընկած հատվածները (քարտեզում նշված է կանաչ գույնով) արդեն քրդերի ազդեցության տակ են:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Հիշեցնենք, որ PYD-ն ԻՊ դեմ պայքարում նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հիմնական դաշնակիցներից է և վերջերս հենց այս խմբին էր հասել ԱՄՆ-ի ուղարկած սպառազինությունը (ԱՄՆ-ն նշում էր, թե դա պատահական է եղել, որպեսզի չսրեր հարաբերությունները Թուրքիայի հետ)։ Սակայն Թուրքիան այս խմբավորմանը դիտարկում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև ու պնդում է, որ վերջիններիս հետ ևս չի կարելի համագործակցել՝ որպես ահաբեկչական խմբավորում։

Թուրքիան մտավախություն ունի, որ սիրիաբնակ քրդերի անջատողական շարժումը կներթափանցի իրենց երկիր ու Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերը ևս կփորձեն ստեղծել ինքնավարություն։
Թերևս սա է պատճառը, որ դեռևս անցած տարի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի ամենաթեժ շրջանում, Թուրքիայում քրդերի՝ Սիրիայում բնակվող իրենց ազգակիցներին աջակցելու ցանկացած փորձ առերեսվում էր թուրքական իշխանությունների կոշտ ճնշմանը։

Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան PYD-ին մշտապես դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև և սպառնալիք Թուրքիայի անկախությանը։ 2014-ի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ին կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:

2 responses to “Թուրքիան պատրաստ է նոր ռազմաբազաներ տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարի համար․ Էրդողան

  1. Pingback: Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են ամբողջապես փակել թուրք-սիրիական սահմանը. ԱՄՆ պետքարտուղար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *