ԱՄՆ-ն չի մեծացնի իր ռազմական ներկայությունն Իրաքում. Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 6-ին Պենտագոնում մերժել է հանրապետական կոնգրեսականների՝ Իրաքում ամերիկյան զորքի թիվն ավելացնելու առաջարկը և հավելել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր ուժեր տեղակայելու ծրագրեր առաջիկայում չկան: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Օբաման նշել է, որ իրենք շարունակելու են Իրաքի կառավարական բանակի մարզումները, միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ իրաքյան կառավարությունն այդ մարզումներին քիչ թվով զինծառայողների է ընդգրկում՝ հավելելով, որ Սիրիայում ևս մարզումների ծրագրերը սպասվածից ավելի դանդաղ են առաջ գնում, ինչը մասամբ պայմանավորված է կամավորումների ստուգումներով:

«Մենք շարունակելու ենք զինել Իրաքի բանակը այդ թվում նաև հակատանկային զենքերով, և ես իմ թիմին հասկացրել եմ, որ մենք զինելու ենք նաև Սիրիայի չափավոր ընդդիմադիրներին»,-իր ելույթում շեշտել է երկրի ղեկավարը։

Հավելենք, որ Բարաք Օբաման նաև նշել է, որ ինքը ոչ մոտալուտ, բայց հնարավոր է համարում ԻՊ-ի պարտությունը՝ ելնելով վերջիններիս զոհերի թվից ու գրանցած պարտություններից: «Ահաբեկչիների դեմ հաղթանակը հնարավոր է ոչ թե զենքով, այլ գաղափարախոսությամբ»,-ընդգծել է Օբաման:

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքում ծավալվող գործողությունների ու մասնավորապես հակաահաբեկչական պայքարի նկատմամբ վերաբերմումքի վերաբերյալ դժգոհություն են հայտնել հանրապետականները: Սենատոր Թոմ Քոթթոնը նշել է, որ ԻՊ-ի ազդեցությունը գնալով աճում է: «Ահաբեկչիների դեմը հնարավոր չէ առնել բյուրոկրատիայով և առանց մեր՝ ճակատի զինվորականների ֆինանսավորումը մեծացնելու»:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի հունիսին, երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ զինյալների ձեռքը: Վերջիններս դեմ պայքարում են քրդական Փեշմերգեի և Իրաքի կառավարկան ուժերը: Այս հակաահաբեկչական պայքարում մեծ ներդրում ունի նաև 2014-ի սեպտեմբերից ԻՊ զինյալների դիրքերին Սիրիայում և Իրաքում օդային հարվածներ հասցնող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հորդանանը, Ավստրալիան և Կանադան: ԱՄՆ-ն նաև մարզումներ է կազմակերպում Իրաքի կառավարական բանակի և Սիրիայի այն զինյալների համար, ովքեր Ասադի կառավարական ուժերի դեմ կռվելուն զուգահեռ պայքարում են նաև այդ երկրում գործող ԻՊ զինյալների դեմ:

One response to “ԱՄՆ-ն չի մեծացնի իր ռազմական ներկայությունն Իրաքում. Բարաք Օբամա

  1. Pingback: ԱՄՆ-ն առաջիկա երկու տարիներին բանակի թիվը կկրճատի 40 հազարով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *