ՌԴ օդուժի 4 ռմբակոծիչ հատել են ԱՄՆ օդային տարածքը

Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, Ռուսաստանի ՌՕՈւ 4 ռմբակոծիչ Ալյասկայի և Կալիֆորնիայի ափերի մոտ հատել են Նահանգների օդային տարածքը: ԱՄՆ ռազմաօդային ուժերը դրանց թռիչքն իրենց տարածքում կանգնեցնելու նպատակով  օդ են բարձրացրել կործանիչներ: Այս մասին ամերիկյան Fox News պարբերականին հաղորդել են ԱՄՆ ՌՕՈւ երկու պաշտոնյա:

Տու-95ՄՍ ռմբակոծիչ. ՌԴ ՌՕՈւ

Տու-95ՄՍ ռմբակոծիչ. ՌԴ ՌՕՈւ

Առաջին միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:30-ի սահմաններում: Ալյասկայի ափերին են մոտեցել Ռուսաստանի ՌՕՈւ 2 Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ, որոնք ի զորու են կրել նաև միջուկային զենք։ Դրանց դեմ Ալյասկայի ռազմաօդային բազայից օդ են բարձրացվել ամերիկյան F-22 Raptor կործանիչներ։

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 11-ին, Կալիֆորնիայի կենտրոնական ափերի մոտ: Ռուսաստանի ՌՕՈւ-ի Տու-95 ռմբակոծիչների այս զույգի դեմ ամերիկյան կողմը օդ է բարձրացրել 2 միավոր F-15 կործանիչ։

Պետք է նշել, որ Հյուսիսամերիկյան մայրացամաքի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) ոչ հաստատել, ոչ էլ հրքել է ռուսաստանյան ռմբակոծիչների զինված լինելու հանգամանքը:

Նշենք նաև, որ վերջին շրջանում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարմանը զուգահեռ ավելի հաճախակի են դարձել նման եղանակներով՝ հակառակորդ կողմի «նյարդերի ամրության» ստուգման միջադեպերը։

Հավելենք, որ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման են հանձնել 1956 թվականին։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի բազմաթիվ մոդիֆիկացիաների ավելի քան 500 օրինակ։ 9 հոգանոց անձնակազմ ունեցող ռմբակոծիչը կարող է զարգացնել 900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը՝ կախված մոդիֆիկացիայից, 10 500-ից 13 500 մետր է։ Սպառազինությունում Տու-95-ն ունի 3 երկփողանի հրանոթ, իսկ տարբեր նշանակության, այդ թվում նաև միջուկային ռումբերի առավելագույն զանգվածը, որն ինքնաթիռը կարող է բարձրացնել, 12 000 կգ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *