Թուրքիայի ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության զորքերի հրամանատարը այցելել է թուրք-սիրիական սահման

Հուլիսի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն այցելել է թուրք-սիրական սահմանի Քիլիսի հատված, որտեղ ստուգել է սահմանին տեղակայված թուրքական ստորաբաժանումների մարտունակությունը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն՝ հայ-ադրբեջանական շփման գծում. 2014-ի նոյեմբեր

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն՝ հայ-ադրբեջանական շփման գծում. 2014-ի նոյեմբեր

Շրջայցի ժամանակ Աքսաքալլըն եղել է Քիլիսում տեղակայված 2-րդ սահմանային գումարտակում, իսկ այնուհետև այցելել Օնջուփընարի սահմանային անցակետ, որը հիմնական անցակետերից մեկն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքների հետ։

Այնուհետև թուրքական հատուկ նշանակության զորքերի հրամանատարը հանդիպել է Քիլիսում տեղակայված ստորաբաժանումների անձնակազմերին, տեղում ստուգել նրանց պատրաստվածությունը։ Աքասաքալլըին ուղեկցել է Թուրքիայի ԶՈւ՝ Գազիանթեփում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիդագի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջեմալեթթին Դողանը։ Ընդգծենք, որ թուրք-սիրիական սահմանին կուտակված զրահատանկային ստորաբաժանումները գործում են այդ բրիգադի ենթակայության ներքո։

Միևնույն ժամանակ թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը տարածել էր տեսանյութ, որտեղ գեներալ Աքսաքալլըի գլխավորած պատվիրակությունը 3 քաղաքացիական և մեկ զինվորական զրահապատ մեքենայով շրջայց է կատարում թուրք-սիրիական սահմանին։

Նշենք, որ հուլիսի 6-ին թուրքական «Հյուրիյեթ պարբերականի տարածած տեղեկությունում նշվում էր, որ Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված բոլոր ցամաքային ստորաբաժանումների ղեկավարները կանչվել են Անկարա, որպեսզի զինված ուժերի ղեկավարության հետ քննարկեն Սիրիա ներխուժելու հնարավորությունները և ծրագրերը։

Հավելենք նաև, որ անցած շաբաթ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և ԶՈւ 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ադեմ Հուդութն այցելել են թուրք-սիրիական սահմանագիծ և տեղում ծանոթացել իրավիճակին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ հուլիսի 3-ի հայտարարության համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների և զրահամեքենաների՝ Սիրիայի հետ սահմանին վերջին օրերին մեծ թվով կուտակումները ուղղված են Թուրքիայի սահմանների անվտանգության պահպանությանը և մոտ ապագայում Սիրիա ներխուժում չի ծրագրվում։

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Հավելենք նաև, որ հունիսի 30-ին «Անադոլու» գործակալության հրապարակումում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադը Քիլիսի շրջան է ուղարկել 32 միավոր տանկ, ինչպես նաև զրահափոխադրիչներ, ՀՄՄ-ներ և այլ զրահամեքենաներ, որոնց քանակի մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում։ Նույն զրահատանկային բրիգադը զրահատեխնիկա է կուտակում նաև Սիրիայի սահմանին գտնվող Քարքամըշ գավառում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *