Սեյրան Օհանյանն այցելել է Նախիջևանի սահման

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավարևմտյան ուղղության առաջնագծում

Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների վիճակին: Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստվածությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Նախարար Օհանյանին մանրամասն ներկայացվել են հակառակորդի ձեռնարկած ոտնձգության և դրան ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած գործողությունների մանրամասները, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ ընթացող միջոցառումները: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ և խորքային իրականացնելու ուղղությամբ:

Ավելացնենք, որ հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էր խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Եփրեմյանը, որը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով։ Հրաձգության ժամանակ ևս երեք պայմանագրային զինծառայող վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Նախիջևանի (Ադրբեջան) առանձին բանակի ստորաբաժանումները հրաձգության ժամանակ նույնպես կրել են կորուստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *