Չեռնոգորիան կարող է դառնալ ՆԱՏՕ անդամ

ՆԱՏՕ-ում Դաշինքի կազմում ընդգրկվելու համար ամենահարմար թեկնածու են համարում Չեռնոգորիան: Այս մասին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի կայքը հայտնում է՝ հղում անել Դաշինքում սեփական աղբյուրին:

ՆԱՏՕ անդամ պետությունները (կապույտ) և Չեռնոգորիան (կարմիր)

ՆԱՏՕ անդամ պետությունները (կապույտ) և Չեռնոգորիան (կարմիր)

Ընդ որում՝ Չեռնոգորիայում ներկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը գերազանցել է չանդամակցելու կողմնակիցների թվին: Հունիսի 19-21-ին Բրատիսլավայում (Սլովակիա) անցկացված GlobSec կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարել է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը:

Նույն կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ անդամ դառնալու համար կան ծանրակշիռ պատճառներ: Իսկ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թեմայի վերաբերյալ խոսելիս հայտարարել է, որ Չեռնոգորիայի հետ կապված որոշումն ընդունելու են դեկտեմբերին:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի՝ ՆԱՏՕ-ին միանալու ռազմավարական որոշումը Չեռնոգորիան կայացրել է դեռևս 2010-ին, ինչից հետո այն ստացել է Դաշինքին միանալու գործողությունների ծրագիր, իսկ դրանից հետո դարձել է անդամակցության թեկնածու:

Ավելացնենք, որ ըստ Չեռնոգորիայի վարչապետի՝ երկրում կատարված երկու սոցիոլոգիական հարցումներից առաջինի համաձայն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է բնակչության 47 տոկոսը, դեմ՝ 43 տոկոսը: Մյուս հարցման արդյունքներով՝ կողմ է 44 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը: Միաժամանակ բնակչության մեծ մասը կարծում է, որ երկիրը ցանկացած դեպքում մտնելու է Դաշինքի կազմի մեջ. դրանում, ըստ երկու հարցումների, վստահ են բնակչության համապատասխանաբար 64 և 66 տոկոսը:

Այս ամենը հետաքրքիր է նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման համատեքստում: Խնդիրն այն է, որ 2008-ին Բուխարեստում անցկացված՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում սկսվեց Վրաստանին անդամակցության պատրաստելու գործընթացը: 2014-ի սեպտեմբերի 4-ից 5-ն Ուելսում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Դաշինքի կազմի մեջ մտնելու Վրաստանի քայլերին ի պատասխան, վերջինիս առաջարկվեց համագործակցության նոր փաթեթ։ Այն ենթադրում է Վրաստանում ուսումնական կենտրոնի հիմնում և լոգիստիկ կենտրոնի բացում։

Այժմ Վրաստանն ակտիվորեն փոփոխություններ է անում պաշտպանական համակարգում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու և Ուելսում համագործակցության նոր փաթեթի կետերն իրականացնելու համար։

Բայց չնայած այս ամենին՝ Վրաստանի՝ Դաշինքին միանալը դեռևս չի նախատեսվում: Այս մասին հայտարարում է մասնավորապես Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: Նա սուտասան և սադրիչ է համարել քաղաքական այն գործիչներին, ովքեր խոսում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին:

Մյուս կողմից՝ Վրաստանի ներկա իշխանությունները ՆԱՏՕ-ից պահանջում են խոսքից անցնել հստակ քայլերի: Ինչպես Վրաստանի պաշտպանության նախարարն է նշել. «Վրաստանը պահանջում է, որ այն բոլոր դրական գնահատականները, խոսքերը, որ ՆԱՏՕ-ն հնչեցրել է Վրաստանի հասցեին, ունենան համապատասխան արդյունք Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որի կազմում ներկայում կա 28 պետություն՝ Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավեր է սահմանված ահաբեկչությունը, նրա նպատակներից է նաև դաշինքի անդամ պետությունների նկատմամբ ագրեսիայի զսպումը։ Որոշումները կառույցում ընդունվում են համընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *