Լիտվան մտադիր է 5 տարով վերականգնել ժամկետային զինծառայությունը

Լիտվայում ստեղծված ներկա աշխարհաքաղաքական իրավիճակն ու երկրի ազգային անվտանգության նոր սպառնալիքներն ուսումնասիրելով՝ երկրի պետական պաշտպանության խորհուրդը եկել է եզրակացության, որ անհրաժեշտ է 5 տարով վերականգնել պարտադիր ժամկետային զինծառայությունը երկրի զինված ուժերում: Այս մասին, ըստ բրիտանական «Ջեյնս» հեղինակավոր ռազմական հանդեսի, փետրվարի 24-ին ասել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկաիտեն:

Լիտվայի զինված ուժեր

Լիտվայի զինված ուժեր

Նախատեսվում է զորակոչային զինծառայությունը վերականգնել 5 տարով ու գործընթացը սկսել ընթացիկ տարվա սեպտեմբերից։ Ներկայում Լիտվայի ԶՈւ գլխավոր շտաբի պետին հանձնարարված է պայմաններ նախապատրաստել՝ զինված ուժերի համալրումը պարտադիր ժամկետային զինծառայության եղանակով իրականացնելու համար։ Մինչ այդ, սակայն, զորակոչային բանակին անցնելու որոշումը պիտի հաստատի երկրի խորհրդարանը:

Ու թեև պարտադիր զինծառայության նախատեսվում է անցնել 5 տարով, այդ ժամկետը հետագայում կարող է երկարաձգվել:

Եթե Լիտվայում նման օրինագիծ ընդունվի, ապա ենթադրվում է, որ երկրի զինված ուժեր տարեկան կզորակոչվի 19-ից 26 տարեկան 3000-3500 տղամարդ, բուհերում սովորող ուսանողների համար զորակոչային տարիքը կլինի մինչև 38 տարեկանը, իսկ միայնակ հայրերը չեն զորակոչվի: Զինծառայության ժամկետը կլինի 9 ամիս:

Լեհաստանի ու Էստոնիայի զինված ուժերի հրամանատարներն արդեն արձագանքել են այս նախագծին ու ողջունել են նման որոշումը: Ընդ որում՝ Լեհաստանը նույնպես ժամանակին հրաժարվել է պարտադիր զինծառայությունից ու ներկայում ակտիվորեն զարգացնում է պահեստազորը: Իսկ Էստոնիան ամբողջությամբ չի հրաժարվել պարտադիր զինծառայությունից:

Զորակոչի վերականգնման մասին խոսելով՝ Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը հայտնել է, որ բացի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից, զինված ուժերի մարտունակության սպառնալիք է նաև այն, որ իրենք չեն կարողանում անհրաժեշտ թվով զինծառայողներով համալրել զինված ուժերի ստորաբաժանումները:

Խնդիրն այն է, որ ներկայում Լիտվայի զինված ուժերում ծառայում է 12 հազար պայմանագրային, սակայն շատ քչերն են ուզում անցնել պայմանագրային ծառայության, ինչի հետևանքով ԶՈւ ստորաբաժանումների մեծ մասը համալրված է անհրաժեշտ անձնակազմի միայն մեկ երրորդով:

Բացի այդ, զինված ուժերի ակտիվ ռեզերվը 4800-ից 6000 մարդ է, մինչդեռ 5 տարով պարտադիր ժամկետային զինծառայությունը վերականգնելու դեպքում այդ թիվը կհասցվի 16-ից 17 հազարի, որը անհրաժեշտ քանակի 75-90 տոկոսն է:

Միևնույն ժամանակ, անհայտ է, թե ժամկետային զինծառայության ներդրումն ինչ ազդեցություն կունենա երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա: Այս մասին նշվում է հեղինակավոր Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի (LSE, London School of Economics and Political Science) բլոգի` թեմայի վերաբերյալ հրապարակման մեջ: Հեղինակների կարծիքով՝ դա կարող է նաև խթանել ներգաղթը, եթե ժամկետային ծառայության համար հայրենիք վերադարձած երիտասարդները հիմնավորվեն Լիտվայում:

Պետք է, սակայն, հաշվի առնել, որ թեև նման որոշումը հիմնականում ուղղված է Ռուսաստանից սպասվող սպառնալիքի չեզոքացմանը, սակայն Լիտվայի բնակչության մոտ 6 տոկոսն ազգությամբ հենց ռուս են, ու հայտնի չէ, թե ինչպես օրինագծին կարձագանքեն նրանք:

Նշենք, որ 2008 թվականին, երբ Լիտվան հրաժարվում էր պարտադիր ժամկետային զինծառայությունից, շեշտը դրվում էր պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության վրա: Սակայն, ինչպես նախարար Օլեկասն է նշում, ներկայում քչերն են ցանկանում կամավոր զինվորագրվել ու որպես պայմանագրային ծառայել երկրի զինված ուժերում, ինչի պատճառով էլ ստորաբաժանումները կիսատ են համալրվում, սա էլ բերում է բանակի մարտունակության անկմանը:

One response to “Լիտվան մտադիր է 5 տարով վերականգնել ժամկետային զինծառայությունը

  1. Pingback: Լիտվայի նախագահը ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայության հաստատման մասին հրամանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *