Լիտվայի նախագահը ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայության հաստատման մասին հրամանը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հունիսի 21-ին պարտադիր ժամկետային զինծառայության հաստատման և խառը հիմունքներով համալրման վերաբերյալ հրաման է ստորագրել:Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն

Նշվում է, որ օրենքի նախագիծը նախագահը համաձայնեցրել է Պետական պաշտպանության խորհրդի հետ: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 1-ից: Նախագահի որոշմամբ ամեն տարի պարտադիր ժամկետային զինծառայության համար կզորակոչվի 3500-4000 մարդ:

2016 թվականի մարտին էլ Լիտվայի կառավարությունն էր հաստատել պարտադիր զինծառայությունը:

Դեռևս 2015 թվականին մարտին Լիտվայի նախագահը հայտնել էր, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու երկրի ազգային անվտանգության նոր սպառնալիքներն ուսումնասիրելով՝ երկրի պետական պաշտպանության խորհուրդը եկել է եզրակացության, որ անհրաժեշտ է 5 տարով վերականգնել պարտադիր ժամկետային զինծառայությունը երկրի զինված ուժերում:

Լիտվայի զինված ուժեր

Լիտվայի զինված ուժեր

Նախատեսվում էր, որ տարեկան կզորակոչվի 19-ից 26 տարեկան 3000-3500 տղամարդ, բուհերում սովորող ուսանողների համար զորակոչային տարիքը կլինի մինչև 38 տարեկանը, իսկ միայնակ հայրերը չեն զորակոչվի: Զինծառայության ժամկետը կլինի 9 ամիս:

Նշենք, որ 2008 թվականին, երբ Լիտվան հրաժարվում էր պարտադիր ժամկետային զինծառայությունից, շեշտը դրվում էր պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության վրա: Սակայն, ավելի ուշ երկրի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը նշել է, որ ներկայում քչերն են ցանկանում կամավոր զինվորագրվել ու որպես պայմանագրային ծառայել երկրի զինված ուժերում, ինչի պատճառով էլ ստորաբաժանումները կիսատ են համալրվում, սա էլ բերում է բանակի մարտունակության անկմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *