ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

Հունվարի 19-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան, որտեղ այսօր՝ հունվարի 20-ին բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ և ԻԻՀ պաշտպանության նախարարները համաձայնագրերի ստորագրման պահին

ՌԴ և ԻԻՀ պաշտպանության նախարարները համաձայնագրերի ստորագրման պահին

Այսօր արդեն հայտնի է դարձել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել երկուստեք պատվիրակությունների հանդիպումները, շտաբների մակարդակով քննարկումները, զորավարժություններին որպես դիտորդ մասնակցելը, ինչպես նաև կադրերի պատրաստումն ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարի փորձի փոխանակությունը:

Վերոնշյալ դրույթներից բացի, Իրանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության հարցեր: Այնուհետ Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իսլամական Հանրապետության ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադիին։

Կարևոր է նկատել, որ ավելի քան 12 տարվա ընդմիջումից հետո սա ՌԴ պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է Թեհրան:

Նշենք նաև, որ դեռևս 2007-ին ՌԴ-ն 800 մլն դոլարի պայմանագիր էր կնքել Իրանի հետ՝ 5 դիվիզիոն Ս-300 համակարգեր տրամադրելու վերաբերյալ։ Սակայն 3 տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելքներ էր սահմանել պաշտոնական Թեհրանի դեմ, որոնց թվում ժամանակակից սպառազինության տրամադրման բացառումն էր։ Այդ պատճառով 2010-ին ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել՝ արգելելով Իրանին վաճառել սպառազինության մի շարք տեսակներ, այդ թվում և Ս-300 համակարգերը։ Հետագայում տեղեկություններ եղան, որ ՌԴ-ն Ս-300 համակարգերի փոխարեն Իրանին առաջարկել է այլ համակարգեր, սակայն Իրանը հրաժարվել է դրանցից:

Ներկայում Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են Կասպից ծովում՝ «կասպյան հնգյակի» շրջանակներում: Մասնավորապես 2014-ի սեպտեմբերին Կասպից ծովի առափնյա հինգ երկրների ղեկավարները մի շարք համաձայնագրեր են ստորագրել իրար հետ, որոնց թվում նաև լճի ջրային տարածքների վերաբերյալ:

One response to “ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

  1. Pingback: Իրանն այս տարի կստանա Ս-300 ԶՀՀ-ները Ռուսաստանից. Իրանի ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *